Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ըստ վերլուծաբանների՝ ՀՀԿ-ն կարիք չի ունենա ձեւական կոալիցիա ստեղծել (Տեսանյութ)

Մայիս 07,2012 15:10

«Հայաստանում խորհրդարանական ընտրությունների առաջին արդյունքները» թեմայով այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի եւ Ռազմավարական եւ ազգային հետազոտական հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանի մամուլի ասուլիսը: Վերլուծելով ԿԸՀ-ի ներկայացրած արդյունքները, Ա. Մարկարովը նշեց, որ արդարացվեց ՀԱԿ-ի շուրջ պտտվող այն ինտրիգը, թե վերջինս հաղթահարելու է 7 տոկոս ձայնի շեմը. «Ենթադրություններն արդարացան, քանի որ, ըստ նախնական տվյալների՝ խորհրդարան են անցել նաեւ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», Ազատ Դեմոկրատները, Դաշնակցությունը եւ ՕԵԿ-ը: 44 տոկոս ձայների մեծամասնություն հավաքած ՀՀԿ-ն կարիք չի ունենա ձեւական կոալիցիա ստեղծել, իսկ ձայների 1/3-ը հավաքած ԲՀԿ-ն այլեւս չի կարող իր նախնական ամբիցիաները տեղափոխել խորհրդարան»:

Էդգար Վարդանյանը գլխավոր քաղաքական ինտրիգ է համարում ընդդիմադիր կուսակցությունների՝ ընտրությունների արդյունքները բողոքարկելու հնարավորությունը. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ակնհայտ դժգոհություն կա դրանց արդյունքների շուրջ եւ մի քանի կուսակցություններ ընդհանրապես չեն ընդունում դրանք»: Վարդանյանը նաեւ հավելեց, որ ընտրությունների հարցում Հայաստանի հիմնական խնդիրը քաղաքացիների հնազանդության գաղափարն է, քանի որ կուսակցությունները հորդորում են չենթարկվել ճնշումների, մինչդեռ վերջիններս շարունակում են ընտրակաշառք վերցնել. «Արդյունքում հասարակության կողմից կասկածի տակ են առնվում իշխանությունների այն հայտարարությունները, թե ունեցել ենք ամենալավ ընտրությունները: Անկախ հետընտրական գործընթացից՝ հասարակությունը մնալու է չբավարարված եւ դժգոհ»:

Հարցի շուրջ Ա. Մարկարովը նշեց, որ բոլոր քաղաքական ուժերը հռչակել են ազատ ընտրություններ անցկացնելու պատրաստակամություն, բայց արդյունքում առկա է բեւեռացում. «Օրինակ՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու Դաշնակցությունը ոչ ֆորմալ կոալիցիա են կազմել, սակայն վաղ է խոսել դրա կայունությունից»:

Քաղաքական հետագա զարգացումների շուրջ Է. Վարդանյանը նշեց, որ ԲՀԿ-ն, հավանաբար, որեւէ լուրջ հայտարարություն չի անի. «Առջեւում նախագահական ընտրություններ են եւ հնարավոր են քաղաքական նոր պառակտումներ, քանի որ որոշ ընդդիմադիր ուժեր՝ ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը», ոչ միայն համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ, այլեւ, հավանաբար, կարող են հրաժարվել խորհրդարան մտնելուց»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031