Լրահոս
Օրվա լրահոսը

Մակեյան. «Ժողովրդի 99 %-ին գնեցին ու ոչխարների նման լցրեցին ընտրատեղամասեր »

Մայիս 07,2012 14:32

Aravot.am-ը  ՀԱԿ անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին խնդրեց գնահատել թիվ 36 ընտրատարածքում կատարված ընտրությունները:

Հիշեցնենք, որ այստեղ թեժ ընտրապայքար էր ծավալվել, և Պետրոս Մակեյանը պայքարում էր ԱԺ պատգամավորներ՝ ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանի, ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանի և Մեղրաշենի ՕԵԿ-ական գյուղապետ Հունան Պետրոսյանի դեմ: Մխիթար Վարագյանը Արթիկի քաղաքապետի եղբայրն է, Հունան Պետրոսյանը` ոստիկանապետի, իսկ ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը, որն, ըստ նախնական արդյունքների, հաղթող թեկնածուն է, գողական շրջապատում հարգանք վայելող եղբայր ունի:

Պետրոս Մակեյանն այսպիսի գնահատական հնչեցրեց. «Ես ի սկզբանե հայտարարել էի, որ քաղաքականություն ընդհանրապես գոյություն չունի: Եթե այստեղ քաղաքական գործընթաց լիներ, պատկերը լրիվ ուրիշ կլիներ, ժողովրդի 99 տոկոսը գնաց փողի հետևից: Ստացվեց, որ ով շատ վճարի՝ նա էլ կանցնի, իսկ մեր քաղաքական տեսակը ժողովրդին պետք չէ, նրանք ուժի կենտրոն տեսան փողը, ոչ թե ՀԱԿ-ին: Ժողովուրդն իրականում ձայն չունի: Ես այս ընտրությունները կգնահատեմ այսպես. պարկի բերանը բացես ու շուռ տաս: Մի հատ ընտրող առանց փողի ընտրատեղամաս չի մտել, մատների վրա կարելի է հաշվել արժանապատիվ մարդկանց: Թեեւ ասեմ, որ Արթիկը տարբերվում է գյուղերից. ՀԱԿ-ն այստեղ 10-12 տոկոս ձայն տարավ , իսկ գյուղերում ինչ էսքիզ վերևներից գծեցին, հենց այդպիսի ընտրություն էլ կատարեցին: Անգրագետ ու կիսագրագետ ստրուկ գյուղապետերին փողը տվեցին, սրանք էլ թվերը նկարեցին:Հիշո՞ւմ եք քանի անգամ ահազանգեցի, որ փող են բաժանում, ո՞վ արձագանքեց` ոստիկանությո՞ւնը, դատախազությո՞ւնը, իրանց մարդիկ էին բաժանում, ինչո՞ւ պիտի արձագանքեն»:

Ըստ նրա, իշխանական ներքին խաղերի արդյունքում խաբեցին նաև Մեղրաշենի ՕԵԿ-ական գյուղապետ Հունան Պետրոսյանին` նրան ասացին, որ շանս ունես, եւ խաղի մեջ մտցրեցին ու ձայները կիսելով` արդյունքում ազատվեցին ԱԺ պատգամավոր Մխիթար Վարագյանից:

Ըստ Մակեյանի, ոչ մի ընտրող դուրս չի մնացել տեսադաշտից, ժողովրդի 99 տոկոսին գնել են ` «նրանց խրձերով, ոչխարի նման ընտրատեղամասեր լցնելով» : «Ես մտահոգված եմ ինձ սատարող ջահելների համար, յուրաքանչյուր ընտրատեղամասում առնվազն երկու հոգի ունեինք` 20-22 տարեկան, նրանց ի՞նչ պիտի պատասխան տաս, որ սա՞ է ապագա Հայաստանը», -հարցնում է պարոն Մակեյանը:

Մեր այն հարցին էլ, թե պատրաստվո՞ւմ է բողոքարկել ընտրությունների ադյունքները`թեկնածուն ասաց. «Ինչի՞ն բողոքարկեմ, իմ նպատակը համակարգը քանդելն է»:

Մեր տեղեկություններով, մյուս երկու թեկնածուները` Արթիկի քաղաքապետի եղբայր Մխիթար Վարագյանն ու ոստիկանապետի եղբայր Հունան Պետրոսյանը պատրաստվում են բողոքարկել ընտրությունների ադյունքները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031