«2 երես» մամուլի ակումբի այսօրվա հյուրն էր ՀՀ վաստակավոր արտիստ, վարչապետի ոսկե մեդալակիր Սարգիս Նաջարյանը: Քանի որ մայիսի 7-ին նշվում է ռադիոյի օրը, նա խոսեց այդ թեմայով:
Նաջարյանի խոսքով, ռադիոն, այլ զանգվածային լրատվամիջոցների համեմատությամբ բազմաթիվ առավելություններ ունի: Նրա մեծագույն առաքելությունն այն է, որ դաստիարակում եւ կրթում է մարդուն՝ ճիշտ խոսել հայերեն, գրագետ ու կոկիկ, սակայն շատերի մոտ դա չի ստացվում:
Ռադիոն երբեք չի կորցնի իր մատչելիությունը, հասանելի կլինի բոլորին, այն ունկնդրի հավատարիմ ընկերն է եղել եւ տեղեկատվության նախընտրելի աղբյուրը: Ռադիոն եղել է մարդու հետ միշտ ու պետք է քայլի նրան համընթաց:
Պարոն Նաջարյանը համեմատեց այսօրվա ռադիոյի ձայնն անցյալի հետ.
Կարդացեք նաև
«Այսօր առավոտից երեկո լսում ես ծիտիկի ձայնով տղաների ու ծխողի ձայնով աղջիկների, նրանց ձեռքում ռադիոն դարձել է խեղճ ու ծիտիկային»:
Aravot.am-ի հարցին, թե հեռուստատեսությունն ու թվային տեխնոլոգիաները օր օրի զարգանում են, մարդիկ մեծ ուշադրություն են դարձնում համացանցին, արդյոք ռադիոն ժամանակի ընթացքում չի՞ զիջի իր դիրքերը, բանախոսը պատասխանեց. «Ռադիոն անցել է բազմաթիվ փորձություննների միջով եւ դիմացել է՝ կարծում եմ որ՝ ոչ, այժմ օգտվում ենք այնպիսի տեղեկատվական միջոցներից, որ մեր աշխատանքը արագացնում ենք, իսկ ռադիոն մեր մշտական ընկերն է, կեցցե ռադիոն»:
Սարգիս Նաջարյանը 18 տարեկանից աշխատում է ռադիոյում: Ասում է.
«Ռադիոյում դաժան է եւ անողոք, բայց միեւնույն ժամանակ շատ սիրելի, իրական հաղորդավար լինելը պատվաբեր է, դա խելացի մարդու աշխատանք է, իսկ այսօր հաղորդավար են կոչվում բոլոր պարուհիները, դերասանուհիները, ճարտարապետները»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ