Մայիսի 7-ը համաշխարհային պատմության մեջ է մտել` որպես ռադիոյի ծննդյան օր: 1895 թվականին հենց այդ օրը ռուս ֆիզիկոս Ա. Ս. Պոպովը ներկայացրեց իր ստեղծած ռադիոընդունիչը, որն առաջինն էր ամբողջ աշխարհում: 1945 թվականին մեծ շուքով տոնվեց ռադիոյի ծննդյան 50-ամյակը, իսկ հետո ԽՍՀՄ կառավարությունը որոշում կայացրեց այդ օրը դարձնել ամենամյա տոն:
Իհարկե այդ ժամանակ իրադարձությունը հեղաշրջումային էր: Բնական է, սակայն, որ տասնամյակներ անց, տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց, ռադիոն պետք է զիջեր իր տեղը տեղեկատվության այլ միջոցներին: Այս բնական գործընթացը որոշ տեսաբանների առիթ էր տվել կարծելու, թե օրերից մի օր ռադիոն ընդհանրապես դուրս կմնա գործածությունից: Բայց ինչպես տեսնում ենք, այդպես չեղավ: Այս դեպքում ո°րն է նրա առավելությունը, ինչի° շնորհիվ է ռադիոն պահպանում իր տեղն ու դերը հասարակության կյանքում: «Որքան էլ հեռուստատեսությունն ու թվային տեխնոլոգիաները զարգանան, ռադիոն իր դիրքերը չի զիջի, այն անցել է բազմաթիվ փորձություննների միջով եւ դիմացել է՝ շնորհիվ այն բանի, որ իրականացնում է կրթադաստիարակաչական ու տեղեկատվություն ապահովելու իր գործառույթները` առանց ունկնդրին կախվածության մեջ դնելու եւ նրանից ժամանակ խլելու, հանգամանք, որը մեր արագընթաց դարում խիստ կարեւոր է, այնպես որ, ինչպես ասում են՝ ռադիոյի անցած դարաշրջանի ու մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»,- իր հարցազրույցներից մեկում այս կարծիքն է հայտնել Հանրային ռադիոյի վաստակավոր հաղորդավար Վարուժան Օլքինյանը:
Սակայն ռադիոյի հետընթացի մասին մտավախությունները, կարծես, այնքան էլ անտեղի չէին: Թեպետ այսօր իրենց գործունեությունն են ծավալում բազմաթիվ ռադիոկայաններ, այնուհանդերձ մեր հարցումները երիտասարդության շրջանում տվեցին սպասված, բայց ոչ այնքան ցանկալի արդյունք: Երիտասարդների մի մասը ռադիո ընդհանրապես չի լսում: «Նորություններ կարդում եմ ինտերնետից, ինձ հետաքրքրող ինֆորմացիան ևս քաղում եմ այստեղից, չեմ կարծում, որ ռադիո լսելով` ավելին կստանամ», «Հիմնականում մեքենայի մեջ եմ լսում, օրինակ FM103.8, միշտ լավ երաժշտություն է հնչում, ինձ դուր է գալիս», «Ռադիո լսելու ժամանակ չունեմ, եթե անկեղծ»,- ահա այսպիսին էին պատասխաններն այն հարցին, թե արդյոք ռադիո լսում են, իսկ եթե այո, ապա ինչպիսի հաղորդումներ:
Իհարկե, պետք չէ ստեղծել կարծիք, թե ռադիո ոչ ոք չի լսում: «Իհարկե լսում եմ, բայց հազվադեպ գիտե°ք, որովհետև երբեմն հաղորդումները կամ շատ անորակ են, կամ էլ այնքան ձանձրալի են, որ հնարավոր չէ լսել: Ամեն դեպքում երբեմն ավելի օպտիմալ է ռադիոյով լսել նորությունները, քան, օրինակ, հեռուստատեսությամբ կամ ինտերնետով: Դե, միաժամանակ կարող եմ այլ գործով էլ զբաղվել»,- ասում է Տնտեսագիտական համալսարանի ուսանող Դավիթ Մկրտչյանը:
Լուսինե Մանուկյան