Լրահոս
Օրվա լրահոսը

Արտիստին պետությունը պետք է փայփայի, ոչ թե՝ սերիալը. Ըստ «Թատրոն X»-ի պրոդյուսերի

Մայիս 07,2012 13:24

«Հեռուստատեսության և համացանցի արագ զարգացումը և ազդեցության հզոր ուժը կարծես թուլացրել է թատրոնի արդիականությունը: Սակայն վստահ եմ, որ շատերի համար դեռ թատրոնը մնացել է կենդանի գերագույն հաճույք», – նշում է ռումինացի կինոռեժիսոր Վասիլե Դընեսկուն, ում հետ առիթ ունեցանք զրուցելու` համացանցի միջոցով:

Մեր երկրի մշակութային կյանքը համեմատելով զարգացած կամ գերզարգացած երկրների մշակութային եռուզեռի հետ, հասկանում ենք, որ դեռ ճանապարհ ունենք անցնելու` այն բարելավելու և զարգացնելու համար: Սակայն ցանկության դեպքում այդ ճանապարհը կարելի է անցնել նույնիսկ մեկ օրում: Այդ մասին է հաստատում նաև ՀՀ Ազգային թատերական ստեղծագործական միավորման, «Թատրոն X» հանրապետական թատերական փառատոնի գլխավոր պրոդյուսեր Էրիկ Բարսեղյանը, ում հետ զրուցեցինք Հայաստանի մշակույթի կյանքում տեղի ունեցած փոփոխությունների, ձեռքբերումների և անելիքների մասին:

«Փոփոխություններ միշտ էլ կան, հատկապես ակտիվ ստեղծագործող երիտասարդության շրջանում: Դրա խոսուն ապացույցներից մեկը մեր իրականության մեջ բազում հանրապետական և միջազգային փառատոների առկայությունն է (թատերական, երաժշտական և այլն): Մեր երկրի մշակութային կյանքն իսկապես զարգացման նոր ուղի է բռնել, բայց դա անհատ ստեղծագործողների մակարդակով, մշակութային համակարգված քաղաքականությունը մեր երկրում դեռ կաղում է», – ասում է Է. Բարսեղյանը:

Այն հարցին, թե  ի±նչ ռազմավարական նշանակություն ունի «Թատրոն X» փառատոնը Հայաստանի համար Էրիկ Բարսեղյանը պատասխանեց, որ 2008 թվականին ստեղծված փառատոնը դաշտ է ապահովում` շնորհալի երիտասարդների ինքնադրսևորման և կայացման, մայրաքաղաք-մարզեր մշակութային կապն ամրապնդելու և բանավեճի մշակույթ ձևավորելու համար: Օրինակ` առաջին տարում (2008թ.) փառատոնին մասնակցում էր մայրաքաղաքի ընդամենը ութ թատրոն և թատերախումբ, որի թիվն այսօր հասել է 30-ի: «Արդեն հայտեր ենք ստանում հանրապետության բոլոր մարզերից, ինչպես նաև՝ Արցախից: Փառատոնի մասնագիտական խմբում ընդգրկված են լավագույն թատերագետները, գրականագետները, երաժշտագետները, հեղինակավոր և ճանաչված մասնագետներ, որոնք յուրաքանչյուր ներկայացումից հետո կազմակերպում են տվյալ ներկայացման բաց քննարկումը: Հանձնաժողովը խորհուրդներով փորձում է օգնել` հետագա աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու հարցում», – հավելում է փառատոնի գլխավոր պրոդյուսերը: Ըստ նրա` մասնագիտական խումբը, գլխավոր հովանավորի դրամական մրցանակները (վեց միլիոն հինգ հարյուր հազար դրամ) շնորհելիս հաշվի է առնում և° ներկայացման գեղագիտական ճաշակն ու գեղարվեստական որակը, և° մայրաքաղաքի, մարզերի թատրոնների կենցաղային վիճակը: Օրինակ` այս տարի մրցանակներ տրվեցին յոթ թատրոնի և թատերախմբի («Բոհեմ» Թատերախումբ – «Շեղշե լա ֆամ» Նարեկ Դուրյան, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն – «Happy end կամ երջանիկ ավարտ» Սամսոն Ստեփանյան և այլն): Եվ այս ամենում ամենաուրախալին այն էր, որ հիմնական ակտիվությունը նկատվում էր երիտասարդների շրջանում: Սա նշանակում է, որ թատորնում առողջ սերնդափոխություն է տեղի ունենում: Բայց դեռ բազում անելիքներ կան:

Թատերական գործիչների մի մասի համոզմամբ, թատրոնն այսօր կործանման եզրին է, քանի որ փողոցը «բարձրացել է բեմ»: Իսկ մյուս մասի համոզմամբ՝ թատրոնն այնուհանդերձ փորձում է պահպանել իր նշանակությունը` ձևավորելով ճաշակ և դաստիարակելով  արժանապատիվ և ազնիվ քաղաքացի: «Մեր օրերում հաճախ նկատում ենք ներկայացումներ, որտեղ կա ամեն ինչ, բացի արվեստից: Որոշ թատրոնների խաղացանկային ներկայացումներն ավելի քիչ են բեմ բարձրանում, քան կոմերցիոն, հաճախ նաև փողոցային մակարդակի ներկայացումները, որոնք, իբր ավելի լավ են վաճառվում, իբրև թե ժողովուրդը դա է ուզում: Վստահ եմ, որ դասական, ճաշակով ներկայացումը, հետաքրքիր դերասանական խաղի, խելացի պրոդուսինգի և ռեժիսորական աշխատանքի դեպքում, նույնպես կարելի է վաճառել», – կարծում է մասնագետը` ավելացնելով, որ մասնագետների կատարելագործման և ոլորտի զարգացման գործում կարևոր են նաև միջազգային կապերն ու փորձի փոխանակումը: «Այդ առումով պիտի մատնանշեմ ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանի աշխատանքը, որը ջանք չի խնայում արտերկրից հրավիրելու լավագույն մասնագետների, որպեսզի մեր բուհի ուսանողներն ու դասախոսները ծանոթանան նաև համաշխարհային հեղինակավոր դեմքերի մտածողությանն ու մոտեցումներին»,  – ասում է Է. Բարսեղյանը: Վերջինի դիտարկմամբ, երիտասարդությունը միշտ ձգտում է նորարարության, իսկ յուրաքանչյուր անհատ ունի իր ստեղծագործելու ձևը: Ուստի որակական հարթություններն ու արտահայտման ձևերը շատ տարբեր են: «Սակայն երիտասարդության շրջանում մի նոր վարակ է մոլեգնում` աստղամոլուցք: Դա մեզ բարիք չի բերի: Թատրոնի տեսաբան Կ. Ստանիսլավսկին ասում էր. «Սիրեք արվեստը ձեր մեջ և ոչ թե ձեզ` արվեստում»: Բայց ինչպես տեսնում ենք, այսօր միանգամայն այլ պատկեր է. թույլատրվում է բոլորին ամեն ինչ: Այդուհանդերձ դա չի նշանակում, որ պետք է անդադար բողոքել: «Լավ է մեկ մոմ վառել, քան ողջ կյանքում անիծել խավարը»,  այսինքն` հարկավոր է գտնել և մատուցել այլընտրանք` մարդկությանը դեպի լուսավորն ու գեղեցիկը տանելու համար», – վստահեցնում է մասնագետը:

Զրույցի վերջում մեզ հետաքրքրեց նաև դերասանի այօրվա ապրելակերպը և այն, թե արդյո±ք կարողանում է սեփական ընտանիքի հոգսերը հոգալ թատրոնից ստացված եկամուտից, որին Էրիկ Բարսեղյանը հստակ պատասխանեց. «Իհարկե ոչ»: Ըստ նրա` դերասաններին, ցավոք, սերիալները կուլ են տվել: Արտիստին պետությունը պետք է փայփայի, ոչ թե՝ սերիալը, որտեղ մեկ օրվա եկամուտը կազմում է թատրոնի մեկ ամսվա աշխատավարձը: «Չեմ կարծում, թե պետական ֆինանսական միջոցների պակաս կա` արտիստներին լավ վարձատրելու համար: Գուցե նպատակային օգտագործելու ազնվությունն է բացակայում: Մտահոգություններն իսկապես շատ են, սակայն ապրելու և ստեղծագործեու համար պարտավոր ենք լիցքավորվել դրական էներգիայով և էմոցիայով», – խորհուրդ է տալիս «Թատրոն X» փառատոնի գլխավոր պրոդյուսերը: Աշխարհին ներկայանալու ժամանակ մենք չպետք է հիշենք միայն խորովածի կամ ծիրանի գոյության մասին: Դա պարզապես կհոգնեցնի օտարերկրացիներին: Հայի ստեղծագործական ներուժը շատ մեծ է, և այն հօգուտ ազգի բարեկացության և պետականաշինության չօգտագործելն առնվազն տկարամտություն է:

Ելենա Չոբանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031