Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզը «բարգավաճում է»

Մայիս 07,2012 13:10

Շիրակի մարզի ամենապայթունավտանգ ընտրատարածքներում` Գյումրին ընդգրկող թիվ 34 –ում, ինչպես նաև Արթիկի ու Մարալիկի գյուղերն ընդգրկող թիվ 36 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով հաղթեցին ԲՀԿ-ական թեկնածուները: Գյումրիում նորից պատգամավոր վերընտրվեց ԲՀԿ Շիրակի մարզային կառուցի պատասխանատու Մարտուն Գրիգորյանը , որը պայքարում էր վերջերս ՀՀԿ-ական դարձած «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, մեդիամագնատ Արման Սահակյանի և Գյումրու ՀՀՇ կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանի դեմ: Նշենք, որ Արման Սահակյանին սատարում էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Թիվ 36 ընտրատարածքում հաղթեց ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը, որը մրցակցում էր դարձյալ վերջերս ՀՀԿ-ական դարձած ԱԺ պատգամավոր Մխիթար Վարագյանի, Մեղրաշենի ՕԵԿ-ական գյուղապետ Հունան Պետրոսյանի և «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ: Մխիթար Վարագյանը Արթիկի քաղաքապետի եղբայրն է, իսկ Հունան Պետրոսյանը նույն քաղաքի ոստիկանապետի եղբայրը:

Այսպիսով Շիրակը մարզն ընդգրկող թվով չորս ընտրատարածքներից 3-ում հաղթեցին ԲՀԿ-ականները, որոնցից 3-ի համար էլ նորություն չէ ԱԺ-ում լինելը: Նրանցից մեկն էլ ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Սամվել Բալասանյանն է, որը հաղթեց ոչ մրցակցային պայմաններում. նա հակառակորդ չուներ: Իսկ ահա Աշոցքի, Ամասիայի գյուղերն ու Գյումրու կենտրոնն ընդգրկող թիվ 33 ընտրատարածքում 2 ամիս առաջ հնչեցրած իր խոստմանը հավատարիմ մնալով` հաղթեց ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը: Նա մրցում էր ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի և 70-ամյա ՀՀՇ-ական Շալիկո Զորյանի հետ:

Գյումրիում, նախնական տվյալներով, ԲՀԿ-ն շատ քիչ է զիջում ՀՀԿ-ին : Ըստ asparez.am կայքի տվյալների, Շիրակի մարզի 217 ընտրատեղամասերից 215-ի ամփոփ տվյալներով կուսակցություններն ու դաշինքը համամասնական ընտրակարգով հավաքել են հետեւյալ քվեները. ՀՀԿ-ն հավաքել է 36,52 տոկոս, ԲՀԿ-ն` 34,78 , երրորդ տեղում Ժառանգությունն է `8,72 տոկոսով: Պարզվում է շիրակցիները ՕԵԿ-ին գերադասել են ՀԱԿ-ից. ՕԵԿ-ը հավաքել է 6,91 տոկոս, իսկ ՀԱԿ-ը 6,51 տոկոս: Նախկին դաշնակցականացված մարզում ՀՅԴ հավաքել է 4,67 տոկոս:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031