1982 ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն՝ «Միավորված հայեր» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 0.20%-ը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը՝ 0.37%-ը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 1.06%-ը:
Aravot.am-ը նշված քաղաքական ուժերի առաջնորդներին խնդրեց մեկնաբանել մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները: Կոմկուսի առաջնորդ Ռուբեն Թովմասյանը մեզ հետ զրույցում ասաց. «Քանի դեռ ընտրության արդյունքները վերջնական չեն, մենք չենք կարող հստակ գնահատականներ տալ»: Նշենք, որ Կոմկուսն ընտրությունների ընթացքում գրանցել էր մի շարք ընտրախախտումներ, օրինակ՝ բաց քվեարկություն Անիի շրջանում, Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղում և այլն:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Շնորհավորում եմ բոլոր այն ուժերին, որոնք ընտրությունների արդյունքում անցել են»: Հարցրինք՝ իսկ օբյեկտիվության աստիճանի առումով ո՞րն է Դեմկուսի գնահատականը: Ա. Սարգսյանը պատասխանեց. «Այդ թող իրենք իրենց ներսում մտածեն»: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք գրանցված 0.37 տոկոսը Դեմկուսի ձայների օբյեկտիվ պատկերն է: Պարոն Սարգսյանը նախընտրեց գնահատականներ չտալ:
Կարդացեք նաև
«Միավորված հայեր» կուսակցությունն էլ կարծում է, որ մարդիկ մինչև ընտրություններն են կաշառվել: Կուսակցության փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ընտրական գործընթացը օբյեկտիվ է կազմակերպվել, սակայն իշխանություններն օգտագործել են վարչական ռեսուրսները, ընտրակաշառքը և ժողովրդի վրա ճնշում գործադրելու այլ մեխանիզմներ»: Հետաքրքրվեցինք՝ գրանցված 0.20% տոկոսը կուսակցության ձայների իրակա՞ն պատկերն է: Նա պատասխանեց. «Իհարկե, իրական պատկերը չէ: Մենք միանշանակ չէինք ասում, որ հավաքելու ենք 5 տոկոս ձայներ, սակայն չէինք էլ կարծու,մ, որ դրանք մեկ տոկոսից ցածր կլինեն: Մեր մասնակցությունը ընտրություններին ճանաչողական էր, որպեսզի ժողովուրդը տեսներ, որ միայն երրորդ ուժը կարող է երկրում փոփոխություններ կատարել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ