Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակության մի զգալի հատվածն արտահայտեց իր կամքն ու կիսեց իշխանության կարծիքը

Մայիս 07,2012 12:52

Դատելով մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներից՝ ըստ քաղաքական ուժերին տրված քվեների բաշխվածության, նոր գումարման ԱԺ-ում չի հայտնվելու մասնավորապես նաեւ «Ժառանգություն» խմբակցության դեռեւս գործող ղեկավար, պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:

Aravot.am-ի հետ զրույցում՝ գնահատելով տեղի ունեցած ընտրությունները, Ստեփան Սաֆարյանն ասաց. «Բացարձակ չեմ կարող գոհ լինել այս ընտրությունների արդյունքներից, բայց հասարակության մի զգալի հատված չպետք է, որ դժգոհ լինի ընդհանրապես ոչ երկրից, ոչ իշխանություններից եւ ոչ էլ ընտրությունների արդյունքից, որովհետեւ, չեմ ասում՝ մեծամասնությունը, բայց ակնհայտորեն շատերն իրենց համաձայնությամբ էին իրենց ընտրությունը կատարում: Չեմ ուզում անդրադառնալ այն զանգվածային մեքենայություններին, որոնք կիրառվեցին եւ ակնհայտ էին: Դրա մասին դեռ կխոսվի: Բայց ավելին սպասել մի երկրում, որտեղ ընտրությունների անցկացումը գնալով ավելի է վատանում, չես կարող»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարն իր՝ ԱԺ չանցնելու վերաբերյալ էլ ասաց, թե ԱԺ չի գա՝ այլ աշխատանք կունենա, ու հավելեց՝ «աշխարհի վերջը չի»: Սաֆարյանն արձանագրեց նաեւ, թե մեր հասարակության՝ հատկապես այն հատվածի, որը երեկ քվեարկում էր, «եւ, որի ձայները չգիտեմ՝ ինչպե՞ս էին բերվել», բայց կամարտահայտությունն ապահովվեց: «Զարմանալի բան է՝ Հայաստանը դարձել է գլխիվայր շուռ եկած երկիր: Կարելի է լավ աշխատել, բայց չգնահատվել: Խոսքն ամենեւին էլ իմ մասին չէ, այլ ընդհանրապես. կարելի է աշխատանքի չգնալ՝ բայց ընտրվել, կարելի է ոչ մի օրենք չհեղինակել, բայց էլի ընտրվել: Տեսեք՝ խմբակցություններից ամենաշատը, երեւի, հենց «Ժառանգության» անունն էր մատնանշվում՝ որպես լավ աշխատած խմբակցություն, բայց պարզվում է՝ շատ աշխատած պատգամավորները չպետք է լինեն ԱԺ-ում: Եվ սա նաեւ հասարակության կարծիքն ու ընտրությունն է, որովհետեւ այս խնդրում որոշիչը ոչ միայն իշխանությունն էր իր կարծիքով, այլեւ հասարակության մի զգալի հատվածը, որը, փաստորեն, միանում է այդ կարծիքին եւ լեգիտիմացնում այդ մոտեցումը: Ես անձամբ չեմ տխրել իմ չընտրվելու համար, որովհետեւ, ինչպես մի անգամ արդեն ասել եմ՝ ավելի շատ կտխրեի, եթե իմ քաղաքական ուժը չհայտնվեր խորհրդարանում: Ես գիտեմ, որ շարունակելու եմ իմ ուղին եւ պայքարը՝ նաեւ իմ ազատության համար, հետեւաբար՝ որեւէ խնդիր չունեմ»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

Մեր հարցին՝ սպասո՞ւմ է, որ հետընտրական գործընթացներ կլինեն՝ «Ժառանգության» ներկայացուցիչն այսպես արձագանքեց. «Անկեղծ ասած՝ տեսնելով մեր հասարակության վիճակը մի քիչ թերահավատ եմ»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031