Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են հայտնվելու ԱԺ-ում՝ ըստ համամասնական ցուցակների

Մայիս 07,2012 11:55

ԿԸՀ-ն այս պահին ամփոփել է ԱԺ ընտրությունների 1942 տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնք , թեեւ խիստ նախնական են, բայց նախորդ ընտրությունների փորձից դատելով՝ դրանք էական փոփոխությունների, թերեւս, չեն ենթարկվի: Ըստ այդ նախնական արդյունքների՝ ամենաշատ քվեները ստացած եւ ԱԺ-ում ներկայանալիք ուժերի հերթականությունն այսպիսին է. ՀՀԿ՝ 44.05 տոկոս, ԲՀԿ՝ 30.25, ՀԱԿ՝ 7.09, «Ժառանգություն»՝ 5.77, ՀՅԴ՝ 5.72, ՕԵԿ՝ 5.49:

Սա նշանակում է, որ նոր գումարման ԱԺ-ում, միայն ըստ համամասնական ցուցակների՝ ԲՀԿ-ն ունենալու է մոտավորապես 27 պատգամավոր, ՀՀԿ-ն՝ 40, ՀԱԿ-ը՝ 6-7, «Ժառանգությունը»՝ 5-6,  ՀՅԴ-ն եւ  ՕԵԿ-ը՝ 5:

Նոր գումարման խորհրդարանում «Ժառանգությունը» կներկայացնեն, ըստ այդ կուսակցության համամասնական ցանկի՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ազատ դեմոկրատ եւ ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը եւ լավագույն դեպքում՝ Թեւան Պողոսյանը:

Այս կուսակցությունից ԱԺ չեն մտնի նախկին պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը ու առավել եւս՝ Լարիսա Ալավերդյանը:

ՀԱԿ համամասնական ցուցակից պատգամավորական մանդատների հավակնողներն են՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը եւ ՀԺ խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Իհարկե, եթե Տեր-Պետրոսյանը կամ, օրինակ Արամ Սարգսյանը հրաժարվեն իրենց մանդատներից, ապա նրանց փոխարեն ԱԺ-ում կարող են հայտնվել նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ու գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը:

ՀՅԴ-ի դեպքում ԱԺ-ում այդ կուսակցության խմբակցությունում ներկայացված կլինեն գործող պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Արտյուշա Շահբազյանը, նաեւ Աղվան Վարդանյանն ու պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

ՕԵԿ-ից՝ այդ կուսակցության նախագահ, ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Հեղինե Բիշարյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ու Խաչիկ Հարությունյանը: Միայն Արթուր Բաղդասարյանի եւ Արմեն Երիցյանի, նաեւ նախարար Սերգո Կարապետյանի՝ իրենց մանդատներից հրաժարվելու դեպքում խորհրդարանում կարող են հայտնվել նաեւ Մհեր Շահգելդյանը, Իշխան Խաչատրյանն ու Սամվել Թադեւոսյանը:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031