Շահումյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 9/17 ընտրատեղամասի համամասնական ընտրակարգով ընտրության արդյունքներն ամփոփելիս, ինչպես տեղեկացրել ենք, բավականին մեծ թվով քվեաթերթիկներ անվավեր ճանաչվեցին, ծրարների մի մասը գցել էին դատարկ: Այս ընտրատեղամասում շատ էին քվեարկել նաեւ «դալտոնիկները», ինչպես բացատրեցին հանձնաժողովականները, քանի որ սպիտակ ծրարում շատերը դրել էին դեղին քվեաթերթիկը:
Ընդ որում, անվավեր էին հիմնականում քվեարկել «Ժառանգության» ընտրողները, որոնք V-ի փոխարեն խաչ էին դրել: Առաջարկ եղավ խաչը համարել վավեր՝ բացատրելով, որ «մարդիկ քրիստոնեաբար են մոտեցել», սակայն, իհարկե, առաջարկն ընդունվեց կատակով: Խաչերով կամ պլյուսներով էին քվեարկել նաեւ կոմկուսի ընտրողները, ինչը նույնպես համարվեց անվավեր: Շատ էին նաեւ բոլոր կուսակցություններին մեծ խաչով ջնջած քվեները, դրանցից մեկի վրա մեծ գրված էր «ՈՉ»: Քվեաթերթիկներից մեկի վրա ընտրողը նույնիսկ շարադրություն էր գրել: Անվավեր համարված մի քվեաթերթիկ էլ պատռել էին, նոր լցրել ծրարի մեջ: Հանձնաժողովի անդամներին շատ զվարճացրեց հատկապես քվեաթերթիկներից մեկը, որտեղ ընտրողը ՀՀԿ-ին պտիչկա էր դրել, ՕԵԿ-ին՝ հարցական:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ