Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ընտրությունները լուսաբանելիս խոչընդոտվել է լրագրողների գործունեությունը

Մայիս 07,2012 00:18

Ազգային ժողովի ընտրությունների օրը լուսաբանելու ընթացքում խոչընդոտվել է մի քանի լրագրողների մասնագիտական գործունեությունը: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է լրագրողի գործունեությունը խոչընդոտելու 4 դեպք, որից երկուսը՝ ֆիզիկական բռնության զուգորդմամբ:

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանի ձեռքից փորձել են հափշտակել տեսախցիկն ու կոտրել հիշողության սարքը՝ այդ ընթացքում երկու անգամ հարվածելով նրա ձեռքին: «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատոր Վարազդատ Պապիկյանի ձեռքից վերցրել են տեսախցիկը, այնուհետեւ տարել նրան:

«Էլինա Չիլինգարյանը դիմել է ոստիկանություն. կարծում եմ՝ գործը բացահայտելու մեջ մեծ դժվարություն չկա. եւ՛ համացանցում, եւ՛ լրագրողի մոտ հստակ կա այն երիտասարդի նկարը, որը բռնությունը կատարել է: Մենք հետեւելու ենք նաեւ «Կենտրոն»-ի օպերատորի հետ կապված գործին, որի գործունեությունը խոչընդոտելուց բացի, փաստորեն, նաեւ առեւանգել են»,- ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Խոչընդոտվել է նաեւ «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Բաբայանի մասնագիտական գործունեությունը. ընտրատեղամասը նկարահանելու ընթացքում այնտեղ գտնվող երիտասարդներից մեկը խլել է լրագրողի հեռախոսը՝ թույլ չտալով նրան նկարահանում կատարել:

«Բացի այս երեք դեպքերից՝ երեկոյան ժամը 8-ից հետո «Հետք»-ից տեղեկացանք, որ 1/01 ընտրատարածքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լրագրողին թույլ չէր տալիս տեսաձայնագրել ձայների հաշվարկը եւ միայն համառ պահանջներից հետո, ի վերջո, թույլ է տվել»,- ասում է Աշոտ Մելիքյանը:

Այնուամենայնիվ, ԽԱՊԿ նախագահը գտնում է, որ այս ընտրություններին լրագրողների գործունեությունը խոչընդոտելու դեպքերի քանակը նվազել է:

«Եթե մենք համեմատենք նախորդ ընտրությունների կամ նույնիսկ վերջին Երեւանի ավագանու ընտրությունների հետ, այս անգամ ավելի քիչ են եղել ճնշումները, բայց անգամ եթե մեկ մեկ լրագրողի նկատմամբ բռնություն է կիրառվում, դա, իհարկե, ստվեր է գցում ընտրությունների լուսաբանման գործընթացի վրա»,- ասում է Աշոտ Մելիքյանը:

Աննա Բարսեղյան

media.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031