Թիվ 12 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Գոհար Վեզիրյանը գնահատելով արդեն ավարտված ընտրությունները Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «ՀՀ դատախազությունը եւ ՀՀ ոստիկանությունը բացառապես ընթացք տվեցին այն ընտրակաշառքի դեպքերին, որոնք կապվում էին Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ, մինչդեռ այս ընտրություններում տոտալ ընտրակաշառքի առաջատարը ՀՀԿ-ն էր: Բոլոր ահազանգերը՝ կապված ՀՀԿ օգտին բաժանվող ընտրակաշառքի հետ, ինչպես նաեւ թիվ 12 ընտրատարածքում ՕԵԿ թեկնածու Ռուբեն Մասումյանի հետ, մնացին անարձագանք: Գալիս էին այդ մարդկանց տանում էին, բայց 5 րոպեից հետո բաց էին թողնում, ոստիկանությունը պարզաբանում էր, որ կեղծ ահազանգ է եղել: Մեր հետ նկարահանող խումբ է եղել, իմ շտաբի անդամներ են եղել, վստահված անձինք, նրանք բոլորն էլ տեսել են, թե ինչպես են հանրապետականի եւ «բենզին» Ռուբոյի համար ընտրակաշառք բաժանում, բայց այդ մարկանց ոչինչ չեն անում: Այսինքն` Սերժ Սարգսյանի ռեժիմը վերարտադրվելու է տոտալ կաշառքի կեղծ քվեարկությունների միջոցով: Սա ցույց է տալիս նաեւ, որ իշխանությունը եթե ուզում է կաշառքի դեմն առնել՝ առնում է, բայց հատվածական շահերը հաշվի առնելով, ինչը տեղի ունեցավ մասնավորապես ԲՀԿ-ի դեպքում»:
Գոհար Վեզիրյանը նաեւ հայտնեց, որ թիվ 12 ընտրատարածքում ընտրությունների ընթացքն անցել է «ահավոր լարված» մթնոլորտում. «Ընտրատարածքներում խմբերով կարմիր բերետավորներ էին կանգնած, այս ընտրատարածքի տեղամասերից մեկում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին բռնության ենթարկեցին: Նոր Խարբերդում էլ արձանագրել ենք կրկնակի քվեարկություն. Մարդիկ, որոնց անձնագրերից կնիքը ցնդել էր՝ նորից եկել էին ընտրության»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ