Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչո՞վ կբացատրի ընտրություններին մասնակցության աննախադեպ ակտիվությունը՝ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ինքն ընդհանրապես դրական է գնահատում քաղաքացիների ակտիվությունը: «Հասարակությունը շատ ակտիվ է, չի ցանկանում ստանձնել դիտորդի կարգավիճակ, եւ դա եւ իշխանության, եւ ընդդիմության աշխատանքի շնորհիվ է, որ մարդկանց մոտ արմատավորվել է, որ յուրաքանչյուրն ինքն է իր հայրենիքի տերը, իր ճակատագրի դարբինը».- ասաց պրն Շարմազանովը:
Հղում անելով exit-poll-երի նախնական արդյունքներին, որոնց համաձայն ՀՀԿ-ն առաջատար է՝ Շարմազանովն ասաց, որ ինքը դա շատ բնական է համարում, քանի որ Հանրապետական կուսակցությունը նաեւ ՀՀ նախագահի կուսակցությունն է, նաեւ Հայաստանի ամենամեծ կուսակցություններից է:
ՀՀԿ խոսնակը նաեւ ընդգծեց, որ այս ընտրությունները կայացած փաստ են, եւ դրանք այլեւս անդառնալի են. «Մենք ապացուցեցինք, որ Հանրապետական կուսակցությունը բացարձակ առաջատարն է, եւ որ նախորդ տարիներին գոյություն ունեցող բարոյահոգեբանական վատ մթնոլորտն արդեն հաղթահարված է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ