Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը՝ Մուկուչյանին. «Հիմա ո՞ւմ պնդումն է զառանցանք»

Մայիս 06,2012 20:08

«Մի քիչ տարօրինակ է ու առանձնապես մեծ վստահություն եւ հավատ այդ թվերը չեն ներշնչում: Մանավանդ 2007-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր 1380000 մարդ եւ եթե հաշվի առնենք արտագաղթի տեմպերը,  ԿԸՀ-ի հրապարակած թիվը արժանահավատ չի դառնում»,- Aravot.am-ի խնդրանքով  մեկնաբանելով ընտրությունների մասնակցության վերաբերյալ ԿԸՀ-ի հրապարակած վերջին պաշտոնական տվյալները, ասաց ԲՀԿ շտաբի քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը:

Այնուհանդերձ, ԲՀԿ-ում դեռեւս չեն շտապում մեկնաբանություններ եւ հետագա քայլերի հավանականություններ նշել: Գերադասում են սպասել ընտրությունների ավարտին եւ դրանց արդյունքներին, ինչն էլ ավելի ընդհանուր կուրվագծի պատկերը:

Նաիրա Զոհրաբյանը հերթական անգամ բարձրաձայնեց, որ ընտրությունները մեկնարկեցին աղաղակող խախտումով՝ օքսիդացող կնիքներով: Ու թեեւ ԿԸՀ նախագահ  Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ մեկ ժամվա ընթացքում այդ խնդիրն արդեն կարգավորված էր, Նաիրա Զոհրաբյանը պնդեց, որ ժամը 14-ից Արարատի մարզում ԵԽԽՎ դիտորդներն էլ են ականատես եղել օքսիդացող կնիքներով ընտրությունների անցկացմանը:

«Երկու շաբաթ առաջ Նիկոյանի աշխատանքային խմբում ես առաջարկեցի փորձաքննության ենթարկել այդ կնիքները, քանի որ մամուլում նյութ կար, թե 3-4 ժամ հետո դրանք օքսիդանալու են: Կյանքը ցույց տվեց, որ դրանք 3-4 րոպեում օքսիդացան: Այն ժամանակ Մուկուչյանը հրապարակային հանդես եկավ  եւ մամուլի լուրերն ու իմ առաջարկը զառանցանք որակեց: Հիմա ես հակընդդեմ հարցով դիմում եմ Մուկուչյանին՝ ո՞ւմ պնդումն էր զառանցանք»,- ասաց տիկին Զոհրաբյանը:

Մեջբերում ենք ԱԺ պաշտոնական հաղորդագրությունից. «Քննության դրվեց նաեւ օքսիդացվող կնիքների հարցը: Մտավախություն հնչեց, որ դրանք օքսիդանում են ոչ թե 12, այլ 3-4 ժամից, ինչը, իբր, հնարավորություն կտա ընտրողին քվեարկության մասնակցել մի քանի անգամ: Ներկաներն արձանագրեցին, որ անհանգստությունն անհիմն է, քանի որ այդ դեպքում հազարավոր ընտրողներ կարող են ականատես լինել վաղաժամ օքսիդացմանը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031