Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի միկրոավտոբուսին սպասող գյումրեցիներ. «Ընտրություններն էլ մեռնին, ընտրություն հորինողն էլ հետը»

Մայիս 06,2012 19:50

Այսօր կեսօրին` ժամը 14.20-ի սահմաններում, մեր տեսախցիկն արձանագրեց, թե ինչպես էին Գյումրու ավտոկայանում Երևան մեկնող ուղևորները անձրևի տակ սպասում միկրոավտոբուսների: Նրանցից մեկը մոտենալով մեզ, խնդրեց բառացիորեն տեղ հասցնել իր խոսքը. «Քանի ժամ է՝ կանգնած եմ, հարցնում եմ ինչու «գազել» չկա՝ նորմալ պատասխանող չկա, դե արի ու մի ասա ընտրություններն էլ մեռնին, ընտրություն հորինողն էլ` վրեն: Էս ի՞նչ վիճակ է, հիվանդիդ անգամ չես կարող հասնել, անպայման պիտի ժամերով սպասե՞ս, 3 հազար դրամ էլ տաս տաքսուն, որ քեզ տեղ հասցնի: Ի՞նչ հնարավորություններից ելնելով տամ, խիղճները կորցրած տաքսու շոֆերներն էլ 2500 դրամը դարձրեցին 3000»:

Մենք փորձեցինք ճշտել, թե ինչո՞ւ միկրոավտոբուսները չեն աշխատում, մի՞թե դա իրոք կապված է ընտրությունների հետ: Դիսպետչերներից մեկը վստահեցրեց, որ մի քանի րոպեից վիճակը կնորմալանա:

Հիշեցնենք, որ Գյումրի-Երևան երթուղին սպասարկող ընկերություններից մեկը` «Տրանս ակնթարթը», պատկանում է ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտանիքին: Երիտասարդ պատգամավորն այս անգամ ևս առաջադրել է իր թեկնածությունը:

Դիսպետչերի հետ զրույցից մի քանի րոպե անց ժամանեց միկրոավտոբուսը, ու մարդիկ տրանսպորտ բարձրանալու համար սկսեցին միմյանց հրմշտել, վիրավորել: Վայրկյաններ անց հայտնվեց երկրորդ միկրոավտոբուսը ու նույն պատմությունը սկսվեց այստեղ:

Մեզ այդպես էլ չհաջողվեց միկրոավտոբուսների աշխատանքների խափանման իրական պատճառը իմանալ: Ի դեպ, ժամը 12.00-ի սահմաններում էլ մեր ֆոտոխցիկն արձանագրեց Գյումրու քաղաքապետարանի մոտ շարված միկրոավտոբուսները, մեզ ահազանգել էին, որ դրանց միջից Հանրապետականը փող է բաժանում: Մենք նման փաստի ականատես չեղանք:

Նշենք, որ Գյումրիում ընտրությունները մեկնարկել են մարդկանց դռները թակելով. գյումրեցիներից շատերի վկայությամբ, ընտրակաշառք բաժանող կուսակցությունները առավոտ շուտ հիշեցրել են, որ մարդկանց ձայնը գնված է և պարտադրել են գնալ ընտրատեղամաս:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031