Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թաղամասում` թիվ 6-րդ դպրոցում , ընտրությունները ամեն անգամվա պես սկսվել են սկանդալով: Ինչպես Aravot.am-ին դժգոհեց ԲՀԿ վստահված անձ Գոհար Աբրահամյանը, առավոտյան ժամը 8.35-ի սահմաններում, քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին ` Սպարտակը, որն այս ընտրատեղամասի ընտրող է, տեսնելով, որ «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատոր Վարազդատ Պապիկյանը նկարահանում է տեղամասի ելումուտը, նաև իրեն, անձայն ու անսպասելիորեն խլել է տեսախցիկը: Նկարահանող երիտասարդն էլ նրա հետևից դուրս է գնացել ու այլևս չի վերադարձել:
«Վարազդատ Պապիկյանը փոքր տեսախցիկը ամրացրել էր պատին, հետո ձեռքը վերցրեց, այնուհետ տեղավորեց տեղամասի մուտքի մոտ, որպեսզի կարողանա ֆիքսել ընտրողների մուտքը-ելքը: Ընտրողը` քաղաքապետի որդին ` տեսնելով, որ իրեն է նկարահանում, վերցրեց տեսախցիկն ու դուրս տարավ», – պատմեց Գոհար Աբրահամյանը: Ըստ նրա, քաղաքապետի որդին անգամ քվեարկության չի մասնակցել, այլ զբաղվել է տեսախցիկի հարցերով: Տիկին Աբրահամյանն անմիջապես տեղեկացրել է թե տվյալ հեռուստաընկերությանը, թե ոստիկանությանը ` նշելով, որ Ընտրական օրենսգրքի խախտում է տեղի ունեցել, օրենքով թույլատրելի տեսանկարահանումը խոչընդոտվել է:
ԲՀԿ-ի վստահված անձն ասաց, որ ծեծուջարդ, քաշքշոց չի տեսել, այդ ամենը իր տեսադաշտում կատարվել է անաղմուկ, իսկ թե դրսում ինչ է տեղի ունեցել, չի կարող ասել: Ընտրական հանձնաժողովի քարտուղար, դաշնակցական Սամվել Հովհաննիսյանն էլ հաստատեց տիկնոջ ասածը` միայն թե հավելելով, որ ինքը չի ճանաչում տեսախցիկը փախցնողին, միայն տեսել է, որ վերջիններս քվեարկության էին եկել թաղի տղերքով` խմբովի:
Շիրակի մարզի դատախազությունից մեզ տեղեկացրեցին, որ Գոհար Աբրահամյանի բողոքի հիման վրա նյութեր են նախապատրաստվում:
Կարդացեք նաև
Գյումրու ոստիկանապետ պարոն Շաշիկյանն էլ տեղեկացրեց, որ օպերատորը առևանգված չէ, այստեղ խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեության իրակացմանը:
Այդ ընտրատեղամասում մեր գտնվելու պահին` ժամը 12-ի սահմաններում, մի երիտասարդ 1 ժամ առաջ կատարելով իր քվեարկությունը՝ համառորեն դուրս չէր գալիս այնտեղից: ԲՀԿ-ի վստահված անձը հանձնաժողովի նախագահ Սուսաննա Մկրտչյանին նախազգուշացրեց նրան դուրս հրավիրել, որն էլ անչափ զայրացրեց երիտասարդին: Վերջինս հոխորտալով մի կերպ լքեց տեղանքը:
Նշենք, որ Շիրակի մարզի դատախազությունն այս պահին ուսումնասիրում է նաև տեսախցիկը փախցնելու մեկ այլ դեպք, որը դարձյալ տեղի է ունեցել Գյումրու քաղաքապետի թաղում `թիվ 1-ին դպրոցում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ