Այսօր առավոտվանից մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի դեֆիցիտ էր: Մարդիկ ստիպված էին ժամերով այս կամ այն համարի միկրոավտոբուսներին սպասել: Քաղաքի մի շարք երթուղագծեր իրենց ուղղությունը փոխել էին` սպասարկելով բնակավայրից մինչեւ ընտրատեղամաս:
Գծատերերը, որոնք այդ կերպ էին փորձում «վերեւներին» ծառայություն մատուցել, գծերից հանել էին թիվ 28, 9, 82, 25, 41, 116, 39, 8, 22 եւ մի շարք այլ երթուղագծերի միկրոավտոբուսների մեծ մասը` գծում թողնելով հաշված թվով մեքենաներ:
Բացի այն, որ օրենքով արգելվում է ընտրակաշառքի այս տեսակը նույնպես, գծատերերը խախտում են նաեւ Երեւանի քաղաքապետարանի մրցույթում երթուղագիծը շահելու պայմանները, ըստ որի նրանք պարտավոր են քաղաքացիներին նորմալ ծառայություն մատուցել եւ գիծը շահագործել անխափան:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ