ԲՀԿ շտաբի քարոզչական խմբի պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, թե իրենք բազմաթիվ ահազանգեր են ստանում, որ շատ ընտրատեղամասերում թանաքները չեն փոխել, իսկ այնտեղ, որտեղ փոխվել են՝ իրենց որակով չեն զիջում 10-15 րոպեում օքսիդացողներին: «Քիչ առաջ մեր գործընկերներից մեկի՝ Շենգավիթի 8-27 տեղամասում քվեարկելուց 5 րոպե անց, անձնագրում դրված կնիքը օքսիդացել է: Նա դիմել է հանձնաժողովի նախագահին, վերջինս նորից է կնիք դրել, ինչը նույնպես օրենքի խախտում է»,- ասաց տիկին Զոհրաբյանը, հավելելով, որ Դավիթաշենի 5-14 տեղամասում հանձնաժողովի նախագահը 2 կնիք է պահում իր մոտ՝ արագ օքսիդացողը եւ հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամների պահանջով դրված չօքսիդացող կնիքը. «Ես եզրակացնում եմ, որ իրենք արդեն գիտեն՝ ում ինչ կնիք են դնում: Իրենց «հաճախորդներին» արագ օքսիդացողով են կնքում՝ կրկնակի քվեարկության համար»:
Դեպքի առիթով ԲՀԿ-ն ահազանգ է ներկայացրել ԿԸՀ-ին: Պատասխանելով Aravot.am-ի հարցին, որ տարբեր ահազանգեր են լինում նաեւ այն մասին, որ ԲՀԿ-ն էլ է ընտրակաշառք բաժանում տեղամասերում, տիկին Զոհրաբյանը հակադարձեց. «ԲՀԿ-ն ընտրակաշառք չի բաժանում: Այդպիսի բան չկա: Թող ստուգեն՝ պարզեն եւ կոնկրետ փաստեր ներկայացնեն, ոչ թե անպատասխանատու հայտարարություններ անեն»: Ավելին, Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իրենք այլ կուսակցությունների՝ ընտրակաշառք բաժանելու եւ բաց քվեարկություններ անցկացնելու մասին բազմաթիվ փաստեր ունեն, որոնք արդեն իսկ ներկայացրել են ԵԱՀԿ-ի եւ ԵԽՎՎ-ի դիտորդներին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ