Լրահոս
Օրվա լրահոսը

Սաթիկ Սեյրանյան. իշխանական թեկնածուի կողմնակիցները գյուղերից 30-ով, 50-ով մարդ են բերում ու ուղղորդում, թե ում ընտրեն

Մայիս 06,2012 15:33

Թիվ 4 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված պատգամավորության թեկնածու Սաթիկ Սեյրանյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ

կեսօրին թիվ 4/4 ընտրատեղամասում վստահված անձինք ընտրակեղծիքի 3 դեպք են կանխել. «Ժամանակավոր, փաստացի գրանցված քաղաքացուն մեծամասնական ընտրակարգով ընտրելու քվեաթերթիկ են տվել, ինչն արգելվում է օրենքով, քանի որ նրանք միայն իրավունք ունեն քվեարկելու համամասնական ցուցակով»:

Սաթիկ Սեյրանյանի խոսքերով, իրենց ընտրատարածքում «խայտառակ վիճակ» է, ամենուրեք մարդկանց հերթեր են, կուտակումներ: Պատճառը` «Գյուղերից գրանցվածներին 30-ով, 50-ով բերում են ու այդ պատճառով ընտրատեղամասերում մեծ կուտակումներ են առաջանում: Անգամ հրմշտոցի դեպքեր են արձանագրվել:

Կուտակումների պատճառներից մեկն էլ այն է, որ հանձնաժողովների թիվը նախկինի համեմատ կրճատվել է եւ այժմ 7 հոգի են»:

Տիկին Սեյրանյանի վստահված անձինք նաեւ պարզել են, որ տեսողական խնդիրներ ունեցող քաղաքացիներին իշխանական թեկնածուի կողմնակիցներն ուղղորդում են` ընտրել ՀՀԿ-ին եւ այս ընտրատարածքում առաջադրված թեկնածու Արտակ Սարգսյանին: Մեկ այլ ընտրատեղամասում էլ` 4/22-ում, դատարկ ծրարով քվեարկելու միջադեպ է կանխվել, որի մասին արձանագրություն է կազմվել.
«Իհարկե հետո այդ մարդն ասել է, որ 2 քվեաթերթիկներն էլ դրել էր միեւնույն ծրարի մեջ: Սակայն դրա վտանգն էլ այն է, որ կարող է կարուսել սկսվի»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը:  Նրա` 4/28 ընտրատարածքում ընտրության ընթացքին հետեւող վստահված անձը փոխանցել է, որ ժամը 13-ից 15 պակասի հատվածում մի քանի մեքենաներ` 12 օs 800, 30 uu 770 պետհամարանիշներով, մարզից բերած տասնյակ ուղեւորներով հայտնվել են ընտրատեղամասի առաջ եւ հերթում կանգնած քաղաքացի ընտրողներին մի կողմ հրելով՝ ասել են, որ լրացուցիչ ցուցակների մարդիկ պետք է ընտրեն, հետո նոր տեղաբնակները:

Արաբկիր վարչական շրջանի Արգենտինական դպրոցում տեղակայված թիվ  4/33  ընտրատեղամասում էլ, ինչպես Aravot.am-ին փոխանցեց Սաթիկ Սեյրանյանի վստահված անձը, առավոտյան ժամը 11-ին Եղվարդից մոտ 25 բնակչի են բերել, որ այստեղ քվեարկեն:
Նշենք, որ թիվ 4-ի թեկնածու Արտակ Սարգսյանը ծնունդով  Եղվարդից է:

4/33-ում ընտրության եկած Արաբկիրի մի բնակիչ էլ հայտնաբերել է, որ իր փոխարեն արդեն քվեարկել են:

Սաթիկ Սեյրանյանի խոսքերով. «Որոշ գնահատականներով, այս ընտրություններն իրենց բնույթով նման են 1996 թվականի ընտրություններին»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031