Գյումրու թիվ 5 երաժշտական դպրոցում տեղակայված 34/21 ընտրատեղամասում ընտրությունները սկսվելուն պես արտառոց մի միջադեպ է գրանցվել: Ինչպես Aravot.am-ին դժգոհեց «Կենտրոն» հեռուստաընկերության կողմից տվյալ տեղամաս որպես նկարահանող-լրագրող ուղարկված Վլադիմիր Խաչատրյանը՝ չորս հոգի մտնելով ընտրատեղամաս, խլել են տեսախցիկը`վիրավորելով նստածներին, ավելորդ արտահայտություններ հնչեցնելով ԲՀԿ-ական թեկնածուի հասցեին: «Ես չեմ ճանաչում ովքեր են, միգուցե թաղային հեղինակություններ են, չգիտեմ, որովհետև էստեղ առաջին անգամ եմ, խլեցին կամերան, ես զանգահարեցի «Կենտրոն» հեռուստաընկերություն, 1 ժամ ու կես չանցած՝ կամերան բերել շպրտել էին, բայց «զարյադըչնկն» ու ամրակցման հարմարանքը չկար, ես եմ պատասխանատու էս սարքի համար, իմ վրա է ամրակցված»- ասաց Վլադիմիր Խաչատրյանը:
Ընտրատարածքային հանձնաժողովի քարտուղար Ժաննա Փալանջյանն էլ պատմեց, որ առավոտյան ժամը 8.45-ի սահմաններում հինգ-վեց տղա առանց թույլտվության ներս են մտել ընտրատեղամաս ու սպառնալով փախցրել են նկարահանողի` պաշտոնապես գրանցամատյանում արձանագրված տեսախցիկը: «Տեսախցիկը ոչ ոքի չէր խանգարում, ինչ-որ դժգոհություններ քվեասենյակում չենք տեսել, երևի ինչ-որ մեկը տեղյակ էր պահել , նրանք ներս խուժեցին, տեսախցիկը անջատեցին, կոտրեցին:Վերադարձնելուց ես տեղյակ չեմ, էդ պահին վիրավորանքներ ու սպառնալիքներ էին հնչեցնում աշխատակիցների հասցեին: Ինձ սպառնացին` գլուխս խուզել, ես չեմ ճշտել ովքեր են»- ասաց հանձնաժողովի քարտուղարը:
Նա նաև տեղեկացրեց, որ ներխուժող տղաները սպառնացել են, ասելով` «նայի դու էլ տեսախցիկիդ հետ չգնաս այնտեղ, որտեղ պետք է: Տեսախցիկը կդնես որտեղ պետք է, կամ կտանես Աբովյան»:
Կարդացեք նաև
Ժաննա Փալանջյանը նաև դժգոհեց, որ մարդկային կուտակումները անչափ շատ են, խումբ-խումբ կամ թաղ-թաղ են գալիս ընտրության: Ի դեպ, մեր ֆոտոխցիկը նույնպես ֆիքսեց այս ընտրատեղամասում քվեարկելու համար առաջացած հերթը: Մարդիկ գալիս էին `հարցնելով` ով է վերջինը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ