Համացանցային կայքում հրապարակված տեղեկության համաձայն, ընտրողը տեղեկացրել է, որ իր անունը բացակայում է 4/10 ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից, չնայած նրան, որ բնակվում է ընտրական տեղամասն ընդգրկող հասցեում:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է.
ՀՀ ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված, Հայաստանի Հանրապետության որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածը հստակ սահմանում է նաև ՀՀ-ում հաշվառում չունեցող և ըստ բնակության վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու կարգն ու ժամկետները, համաձայն որի՝ ՀՀ հաշվառում չունեցող ընտրողները համապետական ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու համար քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ լիազոր մարմին ներկայացնում են դիմում` ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին` նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողին ընդգրկում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում և այդ մասին նրան տրամադրում տեղեկանք:
Եթե քաղաքացին բաց է թողել հաշվառում չունեցողի լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու ժամկետը և հաշվառումից հանվել է օրինական հիմքերով, ապա անձնագրային ծառայությունը մերժելու է համապատասխան տեղեկանքի տրամադրումը:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ