Հալիձոր թաղամասի մանկապարտեզում տեղակայված թիվ 38/18 ընտրատեղամասի մուտքում առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում ընտրողների մեծ զանգված էր հավաքվել: Ընտրության եկած մասնակիցները խցկվելով, իրար հրմշտելով փորձում էին հնարավորինս շուտ մտնել քվեարկության:
Թաղամասի տատիկներից մեկը մեր զույցում նշեց, որ ժամը 10-ից են քվեարկությունը սկսել, դրա համար էլ այդքան երկար են սպասում: Նա վերջին մեկ ժամից ավելի սպասում էր իր հերթին եւ փորձում ամեն կերպ ճեղքել հերթը, մտնել քվեարկության:
Տվյալ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նորա Բաղդասարյանը հերքեց այն տեղեկությունը, որ ժամը 10-ից է սկսվել քվեարկությունը: «Ժամը 8-ից ենք աշխատում, ինչպե՞ս է հնարավոր ժամը 10-ից, եթե այս ժամին 300-ից ավելի ընտրող արդեն մասնակցել է քվեարկությանը», – նշում է տիկին Բադասարյանը:
Կարդացեք նաև
Կասկածելի տպավորություն թողնող այդքան հերթերն ու ժամերով իրենց հերթին սպասող մարդկանց բազմության մասին, հենց իրենք` ներկաները խուսափում էին որեւէ բան ասել, միայն ոգեւորված կռիվ անելով փորձում էին շուտ կատարել իրենց ընտրությունն ու հեռանալ այդտեղից:
Այս ընտրատեղամասում այնքան էր մեծ լարվածությունը, որ նույնիսկ ոստիկանները ընտրատեղամասի մուտքի մոտ կանգնել ու փակել էին մարդկանց հոսքի մուտքը ընտրատեղամաս, միայն հերթով մեկական եւ երկուական ընտրողների էին ներս թողնում ու ճանապարհում: Իսկ Կապանի մեկ այլ` թիվ 38/17 ընտրատեղամասում զինվորականների հոսքի պատճառով էր կուտակումներ եղել, ովքեր ընտրելուց հետո շարքով հեռանում էին՝ տեղները զիջելով մյուսներին:
Հավաքված զինվորներից շատերը նույնիսկ տեղյակ չէին, թե ովքեր են առաջադրված համամասնական ցուցակում, ոմանք դժվարությամբ հիշեցին ու թվարկեցին կուսակցությունների անունները:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ