«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր իր քաղաքացիական պարտքը կատարեց՝ ընտրություն արեց թիվ 10/06 ընտրական տեղամասում։ Այստեղ քվեարկության եկածների թիվն աննախադեպ շատ էր, ու մարդիկ հերթ էին կանգնել քվեարկություն կատարելու համար։
Րաֆֆի Հովհաննիսյանը եւս փորձեց հերթ կանգնել, բայց ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները նրան հրավիրեցին «արտահերթ» քվեարկության, որի համար Հովհաննիսյանը մյուս քաղաքացիներից ներողություն խնդրեց։
Արդեն ընտրություն կատարելուց հետո «Ժառանգության» առաջնորդը հայտարարեց, թե քվեարկություն է կատարել հանուն նոր Հայաստանի եւ վստահեցրեց, թե վաղը բոլորն արթնանալու են միանգամայն նոր Հայաստանում։
Հարցին, թե «Ժառանգությունն» ինչպե՞ս է տեր կանգնելու իր ձայներին՝ Հովհաննիսյանն արձագանքեց, ասելով, որ ժողովուրդն է իր ձայներին տեր կանգնելու։ «Բոլորին բարի ընտրություն եւ բարի ապագա։ Սա մեր երկիրն է եւ վաղը մենք նոր երկիր ենք ունենալու։ Ես հավատում եմ մեր երկրին ու քաղաքացուն»,- հայտարարեց Հովհաննիսյանը։
Նա նաեւ ասաց, թե ընտրությունների վերաբերյալ կուսակցությունն իր գնահատականը կտա վաղը եւ, ի պատասխան լրագրողներից մեկի հարցին՝ հնարավո՞ր է, որ «Ժառանգությունը» ՀՀԿ-ի հետ դաշինք կազմի, ասաց, թե «Ժառանգության» միակ դաշնակիցը Հայաստանի ժողովուրդն է, եւ «մենք միասին կկազմենք մեծամասնություն»։
Կարդացեք նաև
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ