Կենտրոն համայնքի թիվ 10/8 ընտրական տեղամասում ընտրություն կատարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար եւ այդ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վահան Հովհաննիսյանը։
Քվեարկությունից հետո Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե ինքն ընտրություն է կատարել հանուն նրա, որ մեր երկրում վերանա կոռուպցիան, երկիրն ուժեղ լինի միջազգային ասպարեզում, ստեղծվեն աշխատատեղեր, որ վերադառնան Հայաստանը լքածներն ու այն մարդիկ, ովքեր պատրաստվում են դա անել՝ չանեն։ «Չանեն, որովհետեւ ունենան աշխատանք, որովհետեւ երկրում արդարություն հաստատվի, ազատորեն կարողանան բիզնես ունենալ, որպեսզի Հայաստանում ստեղծվի հաջող եւ արդյունավետ եւ ամենակարեւորը՝ կարողանան Հայաստանում ադեկվատ համաշխարհային մակարդակի կրթություն ստանալ»,- հայտարարեց Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանն ասաց, թե ՀՅԴ-ն հետեւելու է ընտրությունների ընթացքին, ֆիքսելու է խախտումները, եթե այդպիսիք լինեն, գրագետ կերպով արձանագրելու են, որպեսզի հնարավոր լինի հետագայում ճշգրիտ քայլեր կատարել։ «Բայց ես հույս ունեմ, որ դրա կարիքը չի լինի, եւ մենք, ինչպես բոլորը, կլինենք սպասողի դերում եւ կսկասենք արդյունքներին»։
Aravot.am-ի հարցին՝ չի՞ ուզում ստուգել իր անձնագրում դրված դրոշմակնիքը, գուցե այն արդեն օքսիդացել է՝ պարոն Հովհաննիսյանը բացելով անձնագիրն արձագանքեց. «Ես համարում եմ, որ սա սխալ բան է։ Ես համարում եմ, որ ընդհանրապես կգա ժամանակ, հուսով եմ, որ այդ ժամանակն ավելի շուտ կգա, եթե մենք հաղթենք, երբ Հայաստանում ընտրությունները շատ ավելի լուրջ քաղաքացիական պատասխանատվության դրսեւորում դառնա։ Ընտրությունը կարող է դառնալ պարտադիր , եւ քաղաքացիներին ավելի պարտավորեցնող՝ մասնակցելու իր իշխանության ձեւավորմանը, եւ այդ ժամանակ շրջանառությունից դուրս կգան, իմ կարծիքով, անհեթեթ տեսակետները, թե իբր ընտրությունների հաջորդ օրն ընտրացուցակները հրապարակելը խախտում է նրանց իրավունքները։ Այդ դեպքում, կարծում եմ, , նման խնդիրն ընդհանրապես կվերանա եւ որեւէ խախտում իրականացնելն ավելի դժվար կլինի։Բայց այդ ժամանակը դեռ առջեւում է, ինչպես ցույց տվեց ՍԴ-ի երեկվա որոշումը»։
Կարդացեք նաև
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ