ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում անդրադարձավ մեծամասնական 2 թեկնածուների դժգոհությանը՝ թեկնածուներից մեկը բողոքել էր նախընտրական շրջանում իր քարոզարշավը լրատվամիջոցներով անհավասար լուսաբանելուն, մյուսն էլ՝ դժգոհել էր վճարովի կարոգով տրամադրված եթերաժամից. «Երկու դեպքում էլ, չունենալով այս թեկնածուների ուղղակի դիմումները հանձնաժողովին, դիմել ենք հեռուստաընկերություններին եւ երկու պարագայում էլ լիովին բավարարվել են թեկնածուների իրավունքները ու վերականգնվել է իրավիճակը»: Պարոն Ամալյանի խոսքերով, հեռուստաընկերությունների ու ռադիոընկերությունների գործունեությանը առաջին հաշվետու շրջանում նկատելի էին անհավասար լուսաբանման միտումներ. «Առաջին հաշվետու ժամանակաշրջանը, որն ամփոփում էր մեկ շաբաթ ժամանակ, ուրվագծվեցին միտումներ, երեւում էր, որ ոչ բոլոր քաղաքական ուժերն են հավասարաչափ լուսաբանվել կամ օգտվել հեռուստաընկերությունների եթերաժամի հնարավորությունից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ