Ժամը 10.15 –ի դրությամբ թիվ 59 մանկապարտեզում տեղակայված թիվ 9/20 ընտրական տեղամասում գրանցվել էր 109 ընտրող: 109-րդը Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանն էր: Մինչ պարոն Թովմասյանի այցը՝ ընտրատեղամասում աղմուկ բարձրացավ, թե կան դժգոհություններ, որ ընտրողների անձնագրերում դրված կնիքը ցնդում է: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արտյոմ Խաչատրյանը, որը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է, այդ առիթով պարզաբանեց. «Հենց նոր ԿԸՀ-ից զանգեցին եւ ասացին, որ բողոքներ կան այն մասին, որ մեկ–երկու ժամ առաջ դրված կնիքները ցնդում են, թանաքը չեզոքանում է: Մեզ ասացին, որ եթե կլինեն բողոքներ, ապա այդ կնիքները հավաքեն եւ անցնեն սովորական թանաքով կնիքների»:
Aravot.am-ի հարցին՝ արդյոք այդ թանաքը մինչ ընտրությունները չի՞ փորձարկվել, որ այսպիսի խնդիրներ չառաջանային, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Դրանք տեխնիկական հարցեր են, որոնց ես կոմպետենտ չեմ: Ինձ հարցեր տվեք հանձնաժողովից»:
Ըստ Ա. Խաչատրյանի՝ թիվ 9/20 ընտրատեղամասում գրանցված է 1640 ընտրող՝ գումարած մեկը լրացուցիչ ցուցակներից:
Կարդացեք նաև
Իսկ Ռ. Թովմասյանը ընտրության էր եկել իր թոռնիկների հետ: Իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո ՀԿԿ նախագահն ասաց. «Ես քվեարկում եմ արդարության, հավասարության համար, որ մի կողմում չհավաքվեն տասը հարուստներ, մյուս կողմում՝ ժողովուրդը, որ խորհրդարանը դառնա ոչ թե կոճակներ սեղմողների հավաքատեղի, այլ դառնա իրոք ազգային ժողով»:
Հարցին՝ ի՞նչ խախտումներ են իրենց վստահված անձինք մինչ այժմ գրանցել, պարոն Թովմասյանը պատասխանեց. «Անիի շրջանից ինձ հինգ րոպե առաջ զանգեցին եւ ասացին, որ գրանցվել է բաց քվեարկություն: Իսկ ես արդեն կատարել եմ համապատասխան քայլերը»:
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ