«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներն ահազանգում են, որ ընտրատեղամասերում անձնագրերի վրա դրված կնիքը արագ ցնդում է, իսկ մի փոքր տրորելուց հետո` վերանում: Դա կարող է հնարավորություն տալ նույն անձնագրով մի քանի անգամ քվեարկելու:
ՀԻշեցնենք, որ երբ երկու շաբաթ առաջ կնիքի շատ արագ ցնդելու մասին լուրեր տարածվեցին, ԿԸՀ-ն դրանք հերքեց, ասելով «Անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվելիք նյութի մատակարարը անգլիական հեղինակավոր «Լենթրեյդ Գլոբալ Սափլայզ» ընկերությանն է: Նյութն օգտագործելուց հետո պահպանվում է առնվազն 12 ժամ, իսկ հետո` անհետանում»:
«Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն էլ իր էջում այս թեմայի մասին գրել է.«Գյումրու մի քանի տեղամասերից ահազանգեր ունեմ, որ անձնագրի կնիքի դրոշմը ցնդում է 20-30 րոպեից 34/18-ում որոշել են դադարեցնել, մոտ 20 րոպե ընտրություն տեղի չի ունեցել, 08:50-ին զանգել են ԿԸՀ, որտեղ հանձնարարել են շարունակել քվեարկությունը անկախ այն հանգամանքից որ դրոշմը ցնդում է: Քվեարկությունը այդ տեղամասում շարունակվում է»: