Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես բաց լինել աշխարհի համար

Մայիս 05,2012 13:13

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտորը՝ Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիարժեք անդամ դառնալու եւ բուհի մասին:

Անցյալ շաբաթ ավարտվեց Ֆրանկոֆոնիայի ամիսը, որի շրջանակներում միջոցառումներ է իրականացրել նաեւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը: Բուհի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ Ֆրանկոֆոնիական միջոցառումներն իրենք հիմնականում իրականացրել են Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի ամբիոնի համակարգում: Ռեկտորը կարեւորում է հատկապես Տնտեսական ֆրանկոֆոնիայի թեմայով միջազգային գիտաժողովը. «Դա տեղի էր ունենում այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանը ներկայացրել է իր թեկնածությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիարժեք անդամ դառնալու համար»: Մեր զրուցակիցն ասում է՝ շատ կուզենային, որ իրենց ուսանողները հրաշալի պատկերացում ունենային ոչ միայն ֆրանկոֆոնիայի, այլեւ գլոբալիզացիայի համատեքստում Հայաստանի՝ ԵՄ հետ հարաբերությունների մասին: Տիկին Ժոել լը Մորզելեկը նաեւ տեղեկացրեց, որ սեպտեմբերից սկսած՝ բակալավրիատի ուսանողները կանցնեն դասընթաց, որը կկոչվի «Գլոբալիզացիա եւ Ֆրանկոֆոնիա», անցած տարի եւ այս տարի էլ «Մշակութային հաղորդակցության», «Տուրիզմ եւ մենեջմենթ» մագիստրատուրայի ուսանողները անցել են «Ֆրանկոֆոնիա եւ մշակույթ» վերնագրով դասընթաց:

Իսկ ի՞նչ կարող է տալ ֆրանկոֆոնիան Հայաստանին, որը հոկտեմբերին դառնում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիարժեք անդամ:

«Եթե ՄԱԿ-ն ունի շուրջ 190 անդամ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը՝ արդեն 75: Այսինքն՝ Ֆրանկոֆոնիան միջազգային ասպարեզում լուրջ կշիռ եւ դերակատարում ունի: Օրինակ՝ տնտեսական ոլորտում Ֆրանկոֆոնիայի անդամ երկրները ներկայացնում են Համաշխարհային ՀՆԱ-ի 12 եւ միջազգային առեւտրային փոխանակումների 15 տոկոսը: Ի դեպ, ֆրանկոֆոն աշխարհը միավորում է 800 մլն-ից ավելի մարդու, որոնք «կիսում» կամ ներկայացնում են նույն արժեքային համակարգը, այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ մարդու ազատությունը, դեմոկրատիան»,-ասաց մեր զրուցակիցը: Նաեւ հավելեց. «Այնպիսի փոքր երկիրը, ինչպիսին Հայաստանն է, գտնվելով նման միջազգային կառույցում, կարող է օգտվել Ֆրանկոֆոնիայի շրջանակներում բազմալեզվայնությունից եւ միաժամանակ պահպանել իր ազգային ինքնությունը: Աշխարհագրական առումով մի տեսակ մեկուսացված վիճակում գտնվող Հայաստանի համար նման մեծ քաղաքական կառույցի մասնակցելը նշանակում է բաց լինել աշխարհի համար՝ քաղաքական, տնտեսական փոխանակումներում»:

Դառնալով Հայաստանում Ֆրանսիական համալսարանին՝ ռեկտորն ասաց, որ արդեն շուրջ 1000 շրջանավարտ ու գրեթե բոլորի մասին տեղեկություններ ունեն, ինչը կցանկանային ներկայացնել գործարար շրջանակներին:

Ժոել լը Մորզելեկի խոսքով. «Ցանկություն ունենք, որ Ֆրանսիական համալսարանը մաս կազմի Հայաստանի բարձրագույն կրթության համակարգին եւ ծառայի երկրի տնտեսական կարիքներին ու առաջնահերթություններին: Նաեւ ուզում ենք ապացուցել, որ ֆրանսերենով էլ կարելի է աշխատանք գտնել հայաստանյան պայմաններում ու նպաստել միջազգային փոխանակումներին»:

Տիկինը հայերեն որոշ բառեր է սովորել, բայց շատ տպավորված է «Հայաստան», «հայկական» բառերով, ասում է՝ դրանք ցույց են տալիս ազգային ուժեղ ինքնությունը, ինչ վերաբերում է «բարեւին, դրա հիմքում բարին է»:

Փաստելով, որ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը միակն է ողջ տարածաշրջանում, ռեկտորը նշեց հայ-ֆրանսիական դարավոր կապերը, ապա ասաց, որ 1995-ին ՀՀ եւ Ֆրանսիայի նախագահները հղացել են գաղափար՝ ստեղծել մի բան, որը կկարողանա ամրապնդել բարեկամությունը. «Նրանք մտածեցին, որ կրթական փոխանակումները եւ կրթական փորձառության տեղայնացումը Հայաստանում, ուսանողների կրթումը կլինի լավագույն ծրագրի ներդրումը Հայաստանում: Արդյունքում՝ 2000-ին արդեն Հայաստանում Ֆրանսիական համալսարանը ստեղծվեց»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031