Արդեն քանի ամիս է՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Արարատյան մասիվում գործող թիվ 81 մանկապարտեզի սաների ծնողները ահազանգում են. «Մանկապարտեզի ճանապարհը քարուքանդ է, երեխաները ճանապարհին ընկնում են՝ ոտք ու ձեռք վնասում»: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում ծնողներն են նշում, ճիշտ է՝ քարուքանդ այդ հատվածը մանկապարտեզի կենտրոնական մուտքը չէ՝ հետնամասն է, սակայն այդ հատվածով էլ շատ փոքրիկներ են անցուդարձ անում:
«Հարյուր անգամ դիմել ենք թաղապետարան, ոչ մի ձեւով չեն արձագանքել: Հույս ունեինք, որ մանուկների խնդիրները թեկնածուներին կհետաքրքրեին եւ նախընտրական այս շրջանում մի բան կձեռնարկեին: Ընտրությունները եկան, կանցնեն, մանուկների մասին ոչ ոք չհիշեց: Ամեն անգամ մանկապարտեզ գնալ-գալիս ընկնում են, կոշիկների մեջ քարեր են լցվում: Նման փոքր թվացող խնդիրներով էլ կարելի է դատել, թե թեկնածուներն ու կուսակցությունները որքան անտարբեր են սովորական քաղաքացու հանդեպ: Ձայներ են կորզում, որ իրենց կենցաղային հարմարավետությունն ապահովեն, իսկ բնակիչների հարմարավետությունը նրանց բացարձակ չի հետաքրքրում»,- մեզ հետ զրույցում իրենց դժգոհությունը ներկայացրին որոշ ծնողներ: Նրանք ասացին, որ մանկապարտեզից քիչ այն կողմ նաեւ դպրոց է գործում, եւ շատ աշակերտներ նույնպես այդ ճանապարհով են գնում-գալիս:
«Առավոտ» օրաթերթ