Լոռու մարզի Ամրակից գյուղի բնակիչ Սայադ Սարգսյանի նամակը՝ «Առավոտին»
«Տարիքս 78 է, բայց ինձ անհանգստացնում է մեր գյուղի վիճակը, ինչի համար էլ գրում եմ իմ մտահոգությունները: Գյուղապետ Արթուր Ներկարարյանը 17 տարի լինելով գյուղապետ՝ ոչ մի տարի հաշվետու չի եղել գյուղացիներին, թե ինչ ծրագրեր է ունեցել, ինչ միջոցներ է հավաքագրել եւ ուր է ծախսել: Բայց եւ տեսանելին այն է մնում, որ գյուղը քայքայվում է, փողոցները ահավոր վիճակում են, գյուղացիների կեսից ավելին արտագաղթել է, եւ շարունակում են արտագաղթել: Դրա միակ պատճառն այն է, որ գյուղապետը ոչ միայն չի զբաղվում գյուղի բարեկարգմամբ, այլեւ բացարձակապես մտահոգված չի գյուղացու կյանքով: Չգիտի, թե գյուղացին ոնց է իր հողը վարում ու ցանում, չգիտի՝ ոնց են անասուն պահում եւ խոտ հավաքում, աշխատանքները բոլորը կատարում են մասնավոր թանկ գներով: Մի կովի տարվա ծախսը կազմում է 72 հազար դրամ: Իսկ կաթը գյուղացին ինչպես է իրացնում, դրանից նույնպես տեղյակ չի գյուղապետը:
Գյուղացին բացարձակ անպաշտպան է մնացել: Բայց եւ զարմանալին այն է, որ գյուղապետը ոչինչ չանելով գյուղացու համար՝ ունի հաղթական կեցվածք, որն էլ ասում է այն մասին, որ ինքը, լինելով կուսակցական, իր միակ պարտականությունն է համարում ընտրությունների ժամանակ ամեն գնով ապահովել ձայները: Դա ես հասկացա այն բանից հետո, երբ դիմեցի Լոռու մարզպետին եւ խնդրեցի, որ գյուղապետին պարտադրեն 2011թ. համար հաշվետու ժողով անցկացնել գյուղում, սակայն բացասական պատասխան ստացա, այն է՝ գյուղապետը պարտավոր չէ գյուղացիներին հաշվետու լինել: Ահա եւ այս հովանավորմամբ էլ աշխատում է գյուղապետը: Այսպես, օրինակ, անասունների արոտավայրը, որը իր մեջ է առնում սար ու ձոր, 2-րդ կարգի հողատարածք է, բայց գյուղապետը գանձում է որպես առաջին կարգի հողատարածք: Նույնն էր կատարում խոտհարքի նկատմամբ, սարերի խոտհարք, որտեղ անգամ տեխնիկա չի բարձրանում, նույնպես գանձում է 1-ին կարգի հարկ՝ 2-րդի փոխարեն: Մինչդեռ գյուղնախարարը հայտարարում է, որ պետք է խրախուսենք գյուղացուն, որ զարգացնի անասնապահությունը: Մի ուրիշ օրինակ. սեփականաշնորհման տարիներին գյուղապետն ունեցել է գյուղտեխնիկա: Փոխանակ այն տարիների ընթացքում ավելացներ եւ կանգներ գյուղացու կողքին, ընդհակառակը՝ այն փոշիացրել է: Մի խոսքով՝ գյուղապետը դարձել է գյուղացու դժբախտ ճակատագիրը, եւ չգիտենք, թե մինչեւ ուր պետք է շալակած տանենք այդ անգործ գյուղապետին: Միգուցե երբ գյուղից բոլորը կհեռանան, եւ շալակող չի լինի:
Գյուղապետը գրասենյակում գծային հեռախոս չի պահում, ասում է՝ թող ձեռքիս հեռախոսին զանգեն: Պարզ է, որ ձեռքի հեռախոսը փողով է, եւ իրան ոչ ոք չի անհանգստացնի: Իսկ երբ ծանոթացա իր աշխատավարձի ցուցակներին, պարզվեց, որ ինքը 2011 թվին ստացել է 148000 դրամ ամսական, որը 200-300 բնակիչ ունեցող գյուղապետին չի թույլատրվում, այն թույլատրվում է 500-1000-ի դեպքում, իսկ իր տեղակալը, որը շատ բանիմաց կին է, ստացել է 50.000, գլխավոր հաշվապահը՝ 57.000, իսկ գյուղապետի երիտասարդ քարտուղարուհին ստացել է 65.000: Ահա մեր գյուղապետի մտածելակերպը: Այստեղից էլ դժվար չի գուշակել, թե ինչու գյուղապետը գյուղացու մասին չի մտածում եւ ջանգյուլում է պարում:
Եվ վերջին էպիզոդը. մի օր ցեխակոլոլ փողոցով գնում եմ, ընդառաջ եկավ գյուղապետը՝ մեքենայով: Կանգնեցրի գյուղապետին եւ ցույց տվեցի իմ ցեխոտ վիճակը եւ ասացի՝ ինչո՞ւ չես զբաղվում փողոցների բարեկարգմամբ, թեկուզ եւ քար ու ավազով: Ասեցի՝ լավ կլիներ՝ դու նույնպես ոտքով քայլեիր, որ հասկանայիր մեր վիճակը: Նա պատասխանեց՝ ի՞նչ է, ես քեզ արգելո՞ւմ եմ մեքենայով գնաս: Ահա այստեղից էլ հասկացա, որ գյուղապետ չունենք, եւ այդ օրվանից որոշեցի (շուրջ 3 տարի) իմ հողի հարկը փոխանցել Երեւանի «Զատիկ» մանկատանը՝ մտածելով, որ երեխաները լավ է՝ իմ փողով մի-մի պաղպաղակ ուտեն, քան այն տամ գյուղապետին»:
ՍԱՅԱԴ ՍԱՐԳՍՅԱՆ
Պատրաստ ենք լսել նաեւ Ամրակից գյուղի գյուղապետ Արթուր Ներկարարյանի պարզաբանումները:
«Առավոտ» օրաթերթ