Երեկ մեկնարկեց AIESEC-ի (Association Internationale des Etudiants en Sciences Economiques et Commerciales)` աշխարհի ամենամեծ ուսանողական ցանցի նախաձեռնած «Բարև աշխարհ» նախագիծը, որը կտևի մեկ ամիս և որի շրջանակներում 11 տարբեր երկրներից Հայաստան ժամանած 17 արտասահմանցի կամավորները կարիերայի ուղղորդման և կողմնորոշման, սոցիալական հմտությունների զարգացման, հաղորդակցման և միջմշակութային հաղորդակցման կրթական սեմինարներ կանցկացնեն Երևանի, Գյումրու և Վանաձորի մի շարք դպրոցներում: Աշակերտների համար կկազմակերպվեն նաև անգլերենի երկշաբաթյա դասընթացներ` յուրաքաչյուր օր մեկ ժամ տևողությամբ: Նախատեսվում է, որ տարբեր սեմինարների կմասնակցեն 300-ից ավելի աշակերտներ:
Նախագիծը ներառում է նաև սեմինարներ Հայաստան ժամանած կամավորների համար հայ ուսանողների կողմից, որոնք կօգնեն իրենց արտասահմանցի ընկերներին ավելի լավ ճանաչել Հայաստանը, ծանոթանալ Հայաստանի մշակույթին և պատմությանը:
«Բարև Աշխարհը»-ը մեկնարկեց այսօր Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանում կազմակերպված միջազգային տոնավաճառով, որտեղ տարբեր երկրներից ժամանած մասնակիցները, ինչպես նաև հայ ուսանողներն առանձին տաղավարներում ներկայացնում էին իրենց երկիրն ու մշակույթը` յուրաքանչյուրը փորձելով լինել ավելի հետաքրքիր, բազմաժանր ու հիշարժան:
«Բարև Աշխարհ» նախագծին հատկացված օժանդակությունն իրականացվում է Orange Հիմնադրամի կողմից այս տարի մեկնարկած հատուկ նախագծի շրջանակներում, որի նպատակն է հնարավորություն տալ Orange Արմենիա ընկերության աշխատակիցներին հանդես գալ բարեգործական ծրագրերի նախաձեռնությամբ: Այս ծրագրի համար դրամաշնորհը Orange Հիմնադրամից ստացել են Orange-ի աշխատակիցներ Արթուր Փոքրիկյանն ու Ելենա Մարդոյանը, որոնք AIESEC-ի անդամներ են: Այս ծրագիրը Orange-ի աշխատակիցների առաջարկով ֆինանսավորվող արդեն երրորդ նախագիծն է:
Ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 3,000,000 դրամ: