Հանրապետության հրպարակում հանկարծակի բռնկված հրդեհի պատճառով այրվածքներով մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներ տեղափոխված հարյուրավոր քաղաքացիներ ժամը 23-ն անց 30-ի դրությամբ դեռեւս շտապ բուժօգնություն էին ստանում: Բժիշկների` Aravot.am-ին տրամադրած տեղեկություններով, տուժածները հիմնականում երիտասարդ աղջիկներ ու տղաներ են: Այրվել են նրանց ձեռքերը, ոտքերը, դեմքն ու մարմնի այլ հատվածներ: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, ընդհանուր առմամբ հիվանդանոցներ են տեղափոխվել 144 մարդ, որոնցից մի քանիսը բուժօգնություն ստանալուց հետո հիվանդանոցից դուրս են գրվել:
Մեզ հետ զրույցում Մուրացանի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կամսար Բաբինյանն իրենց բուժհիմնարկ տեղափոխված 9 հիվանդի վիճակը գնահատեց բավարար` հայտնելով, որ ծանր այրվածքներով դեպքեր չկան:
«Արմենիա» բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ իրենց մոտ շատ ծանր հիվանդներ չեն տեղափոխել, միայն մեկ անձ այս պահին գտնվում է վերակենդանացման բաժնում, որի դեմքն է այրվել, սակայն բժիշկները նրա վիճակը գնահատեցին նորմալ: Այս հիվանդանոցից մի քանիսն էլ օգնություն ստանալուց հետո տուն էին գնացել:
«Նաիրի» բուժկենտրոնից Aravot.am-ին հայտնեցին, որ տուժած քաղաքացիների վիճակը կայուն է, ծանր հիվանդ չունեն, իսկ նրանք էլ, որոնք վերակենդանացման բաժանմունքում են, բուժօգնություն ստանալուց հետո կտեղափոխվեն պալատ: Այստեղ էլ տուժածների մեծ մասը երիտասարդներ էին:
Երեւանի Սուրբ Աստվածամայր բուժկենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենց մոտ այրվածքներով տեղափոխված հինգ քաղաքացիներից երեքն արդեն դուրս են գրվել եւ բոլոր հիվանդների վիճակը կայուն է. «Փառք աստծո ծանր հիվանդներ չունենք: Ովքեր էլ, որ մեզ մոտ են լուրջ վնասվածքներ չունեն: Նրանք վերակենդանացման բաժանմունքում են, բայց բուժօգնություն ստանալուց հետո դուրս կգան»:Այս պահին հիվանդանոցում գտնվող տուժած քաղաքացիներից մեկը 26 տարեկան է, մյուսը` 10 տարեկան երեխա:
«Հերացի» հիվանդանոցից էլ հայտնեցին, որ խիստ զբաղված են եւ միայն ասացին, որ զոհեր չկան, իսկ վերակենդանացման բաժանմունքում գտնվող քաղաքացիներին էլ չեն հաշվել:
Պռոշյանի թիվ 3 հիվանդանոցում նույնպես տուժած քաղաքացիներ կան, սակայն հիվանդանոցի հեռախոսները չէին պատասխանում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև