Լրահոս
Օրվա լրահոսը

Անիի ոստիկանությունը ընտրակաշառք բաժանողի հետևից ընկնելու փոխարեն հետապնդում է ՀԱԿ ակտիվիստներին

Մայիս 04,2012 23:29

Քիչ առաջ «Ժողովրդավարական հայրենիք » կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը  Aravaot.am -ին բողոքեց, որ  Անիի տարածաշրջանի ոստիկանությունը մոտ 3 ժամ խոչընդոտել է  Մարալիկում գտնվող իր նախընտրական շտաբի աշխատանքները: Պարոն Մակեյանի ներկայացմամբ, ինքը ահազանգ է ստացել Արթիկի ու Մարալիկի շրջանի տարբեր գյուղերից այն մասին, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն մասսայաբար ընտրակաշառք են բաժանում` 10 հազարական դրամ, ինքը ահազանգել է ոստիկանության թեժ գիծ` հասցեական նշելով, թե այդ պահին որտեղ  են բաժանում ընտրակաշառքը: Սակայն,  ոստիկանությունը, նշված հասցեն գնալու ու փաստերը ճշտելու փոխարեն, պարզել է, թե ո ՞ր հեռախոսահամարից են ահազանգել ու 6 ոստիկանով լցվել են Մարալիկի իր նախընտրական շտաբ:

«Ես ոստիկանապետի տեղակալին` Կարեն  Մարտիրոսյանին հարցրեցի` ինչու՞ եք եկել, պատասխանեց` մեր պարտականություններն ենք կատարում, ասի `ձեր պարտականությունը ընտրակաշառքը բաժանողի հետևից գնալն է , այ խնդրեմ, հենց այս պահին գնացեք Գուսանագյուղ ու փաստերը ստուգեք: «Թեժ գիծ» կոչվածը թատրոն է, ճիշտ 2008 թվականի պատմությունն է, երբ  ահազանգում ես ոստիկանություն, որ այսինչ տեղը ընտրակաշառք են բաժանում ու դու ես կրակը ընկնում: Ոստիկանները եկել, ասում էին ` դե ապացուցի, որ ընտրակաշառք են բաժանում, հիմա մարդկանց ձեռքն ես բռնում չես ապացուցում,  փոխանակ իրենք գնան իմ տված հասցեով, իրենց աչքով տեսնես, ես պիտի՞ բանավոր կարգով իրենց ապացուցեմ: Ըստ էության, մտածում եմ, որ Մարալիկում կոնգրեսը ուժեղ է, և որպեսզի այլևս չահազանգենք ու ոստիկանությանը չանհանգստացնենք կաշառքի հարցով, գալիս  թատրոն սարքում, գնում են: Բայց ես ասում եմ կաշառքը թիվ 36 ընտրատարածքում համատարած են բաժանում, ՕԵԿ-ն էլ պատրաստվում է  հեռախոսներ ու լիցքավորման քարտեր բաժանել», -տեղեկացրեց Պետրոս Մակեյանը:

Aravot.am-ը այս դեպքի շուրջ պարզաբանումներ խնդրեց նաև  Անիի ոստիկանապետի տեղակալ Կարեն Մարտիրոսյանից: Մեր հարցին, թե ինչո՞ւ չեն գնում դեպքի վայր , այլ շտապում են  ահազանգողի մոտ, փոխոստիկանապետը մեզ տեղեկացրեց, որ   թեժ գիծը Երևանում է, բայց իրենք հեռախոսահամարը ճշտել են, որպեսզի գնան ու ահազանգողից ճշտեն, թե ի՞նչ ի նկատի ունեն, նրանցից գրավոր փաստաթուղթ վերցնեն, որպեսզի հիմք  ունենան ձեռքի տակ: Մեր դիտարկմանը,  թե Մակեյանը ձեզ հստակ ասել է հասցեն, առաջարկել է գնալ Գուսանագյուղ ու փաստերը ստուգել, դուք ստուգե՞լ եք, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց, որ իրենց անձնակազմից մարդ են ուղարկել մատնանշված գյուղ: Մեր այն հարցին էլ , թե փաստերը իրականությանը համապատասխանե՞լ են, ընտրակաշառք  բաժանողին բռնե՞լ եք, փոխոստիկանապետը առաջարկեց այլ մանրամասներ ճշտել իրենց լրատվական բաժնից: Ի դեպ , նա պնդում էր, որ պարոն Մակեյանի նախընտրական շտաբում ինքը եղել է ընդամենը մի քանի րոպե, այլ ոչ թե 3 ժամ, ինչպես որ ներկայացնում է թեկնածուն:

Նշենք, որ հենց նոր մեզ ահազանգեց Մարալիկում Պետրոս Մակեյանի նախընտրական շտաբի պատասխանտու Հարություն Ուռուտյանը `տեղեկացնելով, որ իրեն ծանուցագիր են ուղարկել ոստիկանություն ներկայանալու համար:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031