Քիչ առաջ «Առավոտը» կապվեց այս պահին «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող ՀՀԿ համամասնական ցուցակի անդամ Մարգարիտ Եսայանի հետ, որը փոխանցեց. «Հիմա ես Էրեբունի բժշկական կենտրոնում եմ, այստեղ են տեղափոխվել տարբեր աստիճանների վնասվածքներով թվով 25-30 երիտասարդներ, այստեղ են գտնվում նրանց ծնողներն ու հարազատները: Բարեբախտաբար, վիրավոր երիտասարդներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Նրանց այստեղ բժիշկների կողմից ցուցադրվում է անհրաժեշտ օգնություն: Տուժածներին եւ նրանց հարազատներին ցուցադրվում է նաեւ անհրաժեշտ հոգեբանական աջակցություն»:
Մարգարիտ Եսայանը տեղեկացրեց, որ բացի իրենից «Էրեբունիում» են գտնվում նաեւ ՀՀԿ Կենտրոնական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եւ այլոք: Մայրաքաղաքի այլ հիվանդանոցներում են գտնվում հանրապետության նախագահը, վարչապետը, նախարարներ, այլ պաշտոնյաներ:
Տիկին Եսայանը նաեւ ասաց.«Խնդրում եմ չշահարկել այս ցավալի պատահարը: Սա բոլորիս համար է ցավալի: Չեմ կարող այս պահին ինձ զսպել եւ չասել, որ ուղղակի զզվում եմ նրանցից, ովքեր դժբախտ պատահարների վրա փորձում են դիվիդենտներ շահել: Պարզապես պահանջում եմ զուսպ լինել, քանի որ այս փորձանքը կարող էր պատահել ցանկացած պահի եւ ցանկացած վայրում»: