Քիչ առաջ Հանրապետության հրապարակում հանկարծակի բռնված հրդեհի պատճառով մի քանի տասնյակ մարդ է տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն եւ Աջափնյակում գտնվող Այրվածքաբանության հիվանդանոց:
Թե դեպքի հետեւանքով քանի մարդ է տուժել եւ ինչ աստիճանի այրվածքներով, Aravot.am-ի հարցերին երկու բուժհիմնարկից էլ, բավականին հուզված ձայնով պատասխանեցին, որ ժամանակ չունեն մեր հարցերին պատասխանելու, քանի որ բոլոր ուժերը կենտրոնացրել են մարդկանց բուժօգնություն ցուցաբերելու համար: Մեր հարցին, թե շա՞տ մարդ է տուժել, Այրվածքաբանության ընդունարանից ասացին` այո:
Ըստ դեպքի ականատեսների տուժածների մեծ մասը տարբեր բուհերի` մասնավորապես «Գլաձոր» համալսարանի երիտասարդներ են, որոնք գազով լցված փուչիկները ձեռքներին կապած ՀՀԿ-ի կազմակերպած համերգն էին ունկնդրում: Ըստ նախնական տեղեկության` հրդեհը բռնկվել է հրապարակում տեղադրված գազի բալոնից, որը նախատեսված է եղել փուչիկները փչելու համար: Դեպքից անցել էր մոտ կես ժամ, բայց Հանրապետության հրապարկ էին ժամանում շտապօգնության լրացուցիչ մեքենաներ:
Այժմ, անմիջապես Հանրապետության հրապարակից «Նաիրի» բուժկենտրոն է ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ