Այսօր ՕԵԿ-ի հանրահավաքին Ազատության հրապարակում Aravot.am-ը հանրահավաքի մասնակիցներից մեկից` Վազգեն Գասպարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ընտրել ՕԵԿ-ին: Նա պատասխանեց. «Որովհետեւ ՕԵԿ-ը եվրոպամետ կուսակցութուն է: Եվրոպական կուլտուրա կմտցնի մեր Հայաստանում»: Մեր հարցին` ձեզ ստիպողաբար չե՞ն բերել այստեղ` նա վստահեցրեց, որ ոչ. «Եթե ստիպողաբար լիներ` այս փետը չէի բռնի ու գա»: Մեր հարցին` հեռախոսներ, ընտրակաշառք չե՞ք ստացել, որոնց մասին մամուլում հրապարակում են` նա պատասխանեց. «Չգիտեմ, կարող է ուրիշներին առաջարկել են, ինձ ոչ առաջարկել են, ոչ էլ ստացել եմ»:
Մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե ՕԵԿ-ի ծրագրերին ծանո՞թ եք, ի՞նչ է խոստանում ՕԵԿ-ը` նա նշեց. «Օրինաց երկիր, օրենքի երկիր սարքել, հուսով ենք կսարքի»: Իսկ թե նախորդ 5 տարիներին ՕԵԿ-ը ի՞նչ արեց, կասե՞ք` կուսակցության երկրպագուն դժվարացավ ասել. «Չեմ կարող ասել, բայց դե որոշ գործեր, որոշ ինչ-որ քաղաքականություն վարել է խորհրդարանում, տեսնենք»: Մենք ճշտեցինք` այսինքն ՕԵԿ-ից հարմար տարբերակ չե՞ք տեսնում դաշտում` նա պատասխանեց, որ բոլորն էլ լավն են, «բոլորն էլ հետաքրքիր են` Դաշնակցությունը, Հանրապետականը, բայց ես նախապատվությունը տալիս եմ ՕԵԿ-ին»: Վազգեն Գասպարյանը նշեց, որ իր կյանքը նախորդ 5 տարիներին չի լավացել. «Հուսով ենք, որ կլավանա, այդ հույսով ենք գալիս»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ