Այսօր Ազատության հրապարակում «Օրինաց երկիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքին Արթուր Բաղդասարյանը նշեց, որ եղանակն անգամ իրենց դաշնակիցն է. «Ժամը 5-ն անց 15 անձրեւը դադարեց»: Մինչ այդ անձրեւի տակ ՕԵԿ-ի համար երգում էր Աիդա Սարգսյանը:
Արթուր Բաղդասարյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, թե ինչ են իրենք խոստանում` Հայաստանում մշակել աշխատատեղերի ստեղծման ազգային ռազմավարություն, բարձրացնել կենսաթոշակը, կյանքի կոչել մի շարք օրենքներ: Նա կոչ արեց քվեարկել Մհեր Շահգելդյանի, Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի եւ իրենց այլ թեկնածուների օգտին: Նա նաեւ նշեց, որ վաղը, ճիշտ է, լռության օր է, բայց կուսակցությունում պետք է շարունակեն աշխատել, չպետք է լռեն իրենց հեռախոսները. «ՕԵԿ-ը մեծ քաղաքական ընտանիք է, այստեղ հավաքվել են մարդիկ, ովքեր փոփոխություններ են ուզում անել մեր կյանքում: ՕԵԿ-ի քվեները չափազանց շատ են, դա ցույց են տալիս մեր հանդիպումները: ՕԵԿ հանդիպումները Հայաստանի բոլոր բնակավայրերում ցույց են տալիս, որ մարդիկ ուզում են տեսնել մեզ` որպես իրենց խոսափողը վաղվա իշխանության մեջ` ԱԺ-ում: Դուք նայում եք հեռուստատեսությամբ քարոզարշավները, բայց նկատել ե՞ք մեր հանդիպումներն ինչ ջերմ են, ոնց են մարդիկ գալիս: Դրա համար այստեղ հավաքված են մեր կուսակցության նվիրյալները, նրանց շատ փոքրիկ մասը, որովհետեւ մարզերից այստեղ մարդ չկա, բոլորն իրենց գործն են անում, նրանք չարչարվում, աշխատում են, որ մենք միասին տոնենք մեր հաղթանակը»:
Արթուր Բաղդասարյանը նաեւ նշեց, որ ՕԵԿ քվեները «ջիգյարով քվեներ են, համոզմունքով ու հավատով քվեներ են, եւ այդ քվեների թիկունքում կանգնած է հայ ժողովուրդը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև