Այսօր ԲՀԿ-ն իր վերջին քարոզարշավն անցկացրեց Գյումրիում: Նախքան Գագիկ Ծառուկյանի ժամանելը սիրված երգիչներ Մհերի, Սոնա Շահգելդյանի, սերիալային դերասանների՝ Պաուզա Անոյի, Արթուր Հակոբյանի, Մարգարիտա Խաչատրյանի մասնակցությամբ Թատերական հրապարակում հավաքված մարդկանց մի մեծ համերգային ծրագիր ներկայացրեցին: Արմեն Ավետյանն էլ քաղաքական երգիծանքի միջոցով ծաղրեց ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նրա կառավարման տարիները, հարցրեց՝ Պայքար, պայքար մինչ ե՞րբ: Իսկ գյումրեցի տաղանդավոր դերասան Մհեր Մկրտչյանին կրկնօրինակելով, նրա բերանով խորհուրդ տվեցին ընտրել «լեգենդար հայորդի» Գագիկ Ծառուկյանին:
ԲՀԿ առաջնորդը Գյումրու ընտրազանգվածի համար կրկնեց այն, ինչ բազում անգամներ ասել է մյուս հանրահավաքների ժամանակ: Նա խոսեց այն մասին, որ ինքը երբեք փողով պաշտոնի չի նշանակում ԲՀԿ-ականներին, խոսեց նաեվ գյումրեցու՝ 24 տարի շարունակ բնակարան չունենալուց, արտագաղթից, աշխատատեղեր ստեղծելու ու աշխատող մարդու առջեւ ստեղծված խոչընդոտների վերացման անհրաժշտությունից: Նա նաեւ ասաց, որ հետերկրաշարժյան գյումրեցին պետք է ապրի այնպես, որ կարողանա օգտվել կյանքի ամեն բարիքներից: «Սիրելի ժողովուրդ, այսօր ես քաղաքականության մեջ եմ մտել պայքարի, ոչ թե պաշտոնի համար, ոչ թե գումար կուտակելու, արտոնություն ստանալու համար, այլ հանուն ապագայի, հանուն մեր երկրի, մեր ժողովրդի, մեր երեխաների ապագայի: Մարդը պետք է կարողանա նեղություն քաշի, որ լավ բանի, եթե նա միայն իր մասին մտածեց, ուրեմն երկրի, ժողովրդի համար չի կարող ապրել»,- հայտարարեց ԲՀԿ առաջնորդը: Նա նաեւ շեշտեց, որ այսօր ամենակարեւոր բանը փոփոխությունն է, փոփոխություն հարկային դաշտում, փոփոխություն գործի առումով:
«Տնտեսությունը փոքրանում է, ժողովրդի վիճակը վատանում է, եւ արտագաղթ է ստեղծվում, դա ամենավտանգավոր խնդիրն է , արտագաղթը, գործազրկությունը, պետք է կարողանանք դրա դեմն առնել, ես ասել եմ մի անգամ ստեղծեք ժողովրդին պայման եվ հնարավորություն »,-ասաց Ծառուկյանը: Նա նաեւ ասաց, որ ինքը քիչ խոսել է, բայց շատ արել է, եվ պատրաստ է կորցնել ամեն բան հանուն ժողովրդի վստահության ու ապագայի: Պարոն Ծառուկյանը որպես օրինակ մեջբերեց աշխարհի տիրակալներից մեկին՝ Ալեքսանդր Մակեդոնացուն, որը պահանջել է իրեն թաղել ձեռքերը բաց: «Դա պետք է բոլորին ուղեցույց լինի, որ ոչ մի պաշտոնյա հետը չի տանելու: Այսօր քաղաքական գործիչների 90-97%-ը, քաղաքականությունից դուրս գալով, կփոշիանա, ըսկի բարեւող չի լինի, բայց պարոն Ծառուկյանը քաղաքականությունից դուրս գա, Ծառուկյանն ավելի հանգիստ կապրի, բայց այսօր բեռի տակ է մտել հանուն ապագայի, հանուն ժողովրդի վստահության եվ հավատի», -ասաց ԲՀԿ առաջնորդը:
Ներկայացնելով ԲՀԿ-ի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին էլ՝ ԱԺ փոխանախագահ Սամվել Բալասանյանին ու պատգամավոր Մարտուն Գրիգորյանին, պարոն Ծառուկյանն ասաց, որ Բալասանյանն այնպես է աշխատել, որ «նրա դեմը չեն դրել թեկնածություն»: Ըստ ԲՀԿ առաջնորդի, կգա ժամանակ, երբ երիտասարդ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն էլ մրցակից չի ունենա: Պարոն Ծառուկյանը խորհուրդ տվեց՝ ձեր փորձված թանը անփորձ մածունի հետ մի փոխեք: Հիշեցենենք, որ թիվ 34 ընտրատարածքում Մարտուն Գրիգորյանը մրցելու է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփանատեր, վերջերս ՀՀԿ-ական դարձած Արման Սահակյանի հետ, ով առաջին անգամ է իր թեկնածությունն առաջադրում:
ԲՀԿ-ականների հեռանալուց հետո էլ համերգը շարունակվեց, երգեց Արամ Ասատրյանի որդին: Հետաքրքիրն այն է , որ Վարդանանց հրապարակում այս պահին սկսվեց մեկ այլ համերգային ծրագիր՝ ՀՀԿ-ն է ամփոփում իր քարոզարշավը՝ հայտնի երգիչների միջոցով ու մայրաքաղաքի հետ ուղիղ կապի միջոցով: Ի դեպ նկատենք, որ Գագիկ Ծառուկյանի հանրահավաքի ժամանակ Գյումրու թատերական հրապարակը ավելի մարդաշատ էր, քանի Սերժ Սարգսյանի:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ