Թեեւ նախապես ասվել էր, որ նախագահ Սարգսյանի ելույթը «Հանրապետականի» եզրափակիչ համերգ-քարոզարշավին լինելու է ժամը 19-ին, քիչ առաջ հայտնի դարձավ, որ նախագահը հրապարակում կխոսի ժամը 20-ին:
Այս պահին Հանրապետության հրապարակ են բերվում ՀՀԿ-ի տարբեր կառույցների ակտիվիստներ: Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ հավաքված են Հանրապետական կուսակցության ցուցակում ընդգրկված անձինք, ՀՀԿ-ական մարզպետները: Մելք-Ադամյան փողոցից մինչեւ Խանջյան փողոց, նախկին «Ռոսիա» կինոթատրոնի մոտ, իրարից 4-5 մետր հեռավորությամբ կանգնած են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի «Հայոց արծիվներ» կազմակերպության պաստառներով երիտասարդներ: Իսկ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում ՀՀԿ գործադիր մարմնի երիտասարդ անդամ Կարեն Ավագյանը «Հավատանք որ փոխենք» մակագրությամբ դրոշներով եւ փուչիկներով ուսանողներին վերջին հրահանգներն է տալիս, թե որ խումբը հրապարակի որ կողմից պետք է մտնի եւ ինչ ուժգնությամբ պետք է ողջունի նախագահին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ