«Առավոտ» օրաթերթի 2012 թ. մայիսի 4-ի համարի «Եղեգնաձորում հաշվառված է 8184 բնակիչ, իսկ ընտրացուցակում առկա է 9061 ընտրող» վերտառությամբ հրապարակման համաձայն և ըստ համացանցային կայքերում տարածված տեղեկությունների, «Թրասփարենսի ինթերնեյշընլ» հակակոռուպցիոն կենտրոնը անդրադարձել է ՀՀ տարբեր համայնքներում ձևավորված մի շարք ընտրատեղամասերի ընտրացուցակներին և տարակուսանք հայտնել, որ ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների թիվը չի համապատասխանում համայնքներում փաստացի բնակվող անձանց թվին:
Հերթական ապատեղեկատվությունը հերքելու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կրկին անգամ պարզաբանում է.
ՀՀ ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ՀՀ ընտրողների ռեգիստրը մշտապես վարվող փաստաթուղթ է, որը կազմվում է ըստ մարզերի և համայնքների: ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված, ՀՀ որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիները:
Այսինքն` ընտրողների ռեգիստրում հաշվառվում են ոչ թե համայնքում փաստացի բնակվող, այլ իրավաբանորեն բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող քաղաքացիները:
Բնականաբար համայնքում փաստացի բնակվողների թիվը ոչ միշտ է, որ կարող է ուղիղ համեմատական լինել հաշվառվածների թվի հետ:
Սկզբնապես «Թրասփարենսի ինթերնեյշընլ» հակակոռուպցիոն կետրոնը թույլ է տվել մեթոդաբանական սխալ` միմյանց հետ համադրելով սկզբունքորեն անհամադրելի թվեր` դրանից բխող սխալ եզրահանգմամբ:
Բացի այդ, իրականությանը չեն համապատասխանում նաև ընտրողների վերաբերյալ ներկայացված թվերը: Դիցուք, Եղեգնաձոր քաղաքում կազմավորված ընտրական տեղամասերում /39.01, 39/02, 39/03, 39/04/ ընդգրկված են ոչ թե 9061, այլ` 7350 ընտրողներ, Ապարան քաղաքում կազմավորված ընտրական տեղամասերում /14/21, 14/22, 14/23/ ընդգրկված են ոչ թե 5702, այլ` 5590 ընտրողներ, Թալին քաղաքում կազմավորված ընտրական տեղամասերում /15/29, 15/30, 15/31/ ընդգրկված են ոչ թե 5215, այլ` 5166 ընտրողներ, Արարատի մարզի Դեղձուտ համայնքում կազմավորված ընտրական տեղամասում /17/25/ ընդգրկված են ոչ թե 782, այլ` 784 ընտրողներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ