Քիչ առաջ Aravot.am-ին ահազանգեց մի բժիշկ, որի անունն իր խնդրանքով չենք հրապարակում, եւ ասաց, թե երեւանյան հիվանդանոցներում եւ մասնավորապես այն մեկում, որտեղ ինքն է աշխատում, «տագնապ» է հնչեցվել, եւ բուժհիմնարկների վարչակազմերի ղեկավարները աշխատողներին՝ այդ թվում բժիշկներին, ստիպում են կազմակերպված ձեւով գնալ եւ մասնակցել այսօր, Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի նախաձեռնած հանրահավաքին:
Ստացված ահազանգը մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք ՀՀ խորհրդարանի փոխնախագահ եւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին, որն էլ ասաց, թե ՀՀԿ-ն իր առաջ նման մարդկանց ստիպողաբար հանրահավաքների կամ ընտրական տեղամասեր տանելու նպատակ չի դրել, եւ հորդորեց մարդկանց ստիպողաբար հրապարակ բերողներին՝ «թող որեւէ մեկը արջի ծառայություն չմատուցի»: «Մեր նպատակն է կազմակերպել նորմալ, ժողովրդավարական ընտրություններ, եւ ՀՀԿ-ի գործելաոճը չէ՝ պահանջով կամ ստիպելով մարդկանց ընտրատեղամասեր կամ հանրահավաքների ուղարկել: ՀՀԿ գործադիր մարմինը ընդունել եւ հրապարակել է ընտրություններին վերաբերող կանոններ եւ այդ թվում նաեւ ՀՀԿ-ականներին առաջարկել ենք ընդունել այդ կանոններն ու առաջնորդվել այդ կանոններով: Այդ կանոնների մեջ գրված է, որ պետք է բացառապես քաղաքակիրթ մեթոդներով, եւ ժողովրդավարությանը հարիր խաղի կանոններով առաջնորդվել, եւ հաստատ մարդկանց ստիպողաբար հանրահավաքների տանելն այդ կանոնների մեջ չի մտնում»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ