Քիչ անց Հանրապետության հրապարակում կմեկնարկի Հանրապետական կուսակցության քարոզարշավը եզրափակող համերգը: Ժամը 18.30-ին հրապարակում հավաքվածներին կմիանան նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին 2-3 տասնյակում ընդգրկված պատգամավորության թեկնածուները:
Թեեւ Aravot.am-ի ունեցած տեղեկություններով Հանրապետականի բոլոր ներկայացուցիչներին հրահանգված է մարդաշատ հանրահավաք ապահովել, բայց այս պահին Հանրապետության հրապարակը այդքան էլ մարդաշատ չէ: Aravot.am-ը օրվա ընթացքում տարբեր տեղեկություններ է ստացել, որ ուսումնակրթական հաստատություններում այսօր դասերն ու պարապմունքները ավարտվել են սովորականից շուտ, որպեսզի կոլեկտիվներին բերեն Հանրապետության հրապարակ: Ավտոբուսներով նաեւ մարզերից Երեւան պետք է բերվեն Հանրապետականի ակտիվիստները: ՏԻՄ մարմինները նման հանձնարարություն ունեն:
Ականատեսները Aravot.am-ի հետ զրույցներում պատմում են, որ Հանրապետության հրապարակ բերվածներից շատերը ինչ-որ ճանապարհներով փախել են պարբերաբար տեղացող անձրեւից պատսպարվելու համար: Այս պահին էլ մարդիկ անձրեւից թաքնվել են կառավարության շենքի մատույցներում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ