Մեդիամաքս: Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանը եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին հունիսի 22-ին կթողարկեն իրենց հիմնած WhoCares խմբի ալբոմը, որի վաճառքից ստացված գումարը կօգտագործվի Հայաստանում երաժշտական դպրոցի վերականգնման համար:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը` վկայակոչելով earMUSIC ընկերությունը, ալբոմում կընդգրկվեն երկու երգեր WhoCares-ի անցյալ տարվա մայիսին թողարկված սինգլից (Out Of My Mind եւ Holy Water), ինչպես նաեւ Գիլանի եւ Այոմիի չթողարկված եւ հազվագյուտ ձայնագրություններ:
Մասնավորապես, ալբոմում կներառվի Deep Purple-ի` “Dick Pimple” ջեմ-ստեղծագործությունը, որը ծնվել էր Purpendicular ալբոմի աշխատանքների ժամանակ: Ալբոմում ներկայացված կլինի նաեւ Իէն Գիլանի եւ Repo Depo խմբի կողմից ձայնագրված եւ երբեւէ չթողարկված “Easy Come Easy Go” երգը:
Ձայնասկավառակում կընդգրկվեն նաեւ Թոնի Այոմիի երկու երգեր, որոնք ձայնագրվել են Գլեն Հյուզի հետ համագործակցությամբ, ինչպես նաեւ When a Blind Man Cries երգի չթողարկված ակուստիկ տարբերակը, որը Իէն Գիլանի կողմից ձայնագրվել է Absolute Radio-ում ելույթի ընթացքում, եւ այլ երգեր:
Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման նախագիծը համակարգում են Մեդիամաքսը, ավստրալիական Do Something կազմակերպությունը եւ Հայ օգնության ֆոնդը, որոնք մոտ ժամանակներս կհայտնեն շինարարության մեկնարկի ժամկետների մասին: