Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս կարող է բարեփոխվել մի երկիր, որի ստվերային տնտեսությունը կառավարում է երկրի ղեկավարը»

Մայիս 04,2012 17:42

Շահերի պաշտպանության աջակցության կենտրոնի` ՇՊԱԿ-ի, կազմակերպած կլոր սեղանին, որին հրավիրված էին ԱԺ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ողջույնի 20 րոպեանոց խոսքով հանդես եկավ ՇՊԱԿ-ի ազգային ցանցի զարգացման ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը, որից հետո ՇՊԱԿ-ի տնօրեն Մարատ Ատովմյանը զգուշացրեց, որ քաղաքական ուժերին տրվում է խոսելու համար հինգական րոպե: Կլոր սեղանի հիմնական թեման կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ քաղաքական ուժերի պայքարի եղանակներն էին:

«Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ, ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին քսանյակում գտնվող Արթուր Թամազյանը կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության մասին խոսելիս ասաց, որ ԲՀԿ-ն չի առանձնացնում այդ երկու արատները: Նա նաեւ ասաց, որ ստվերային տնտեսության առաջացման պատճառը օրենքներում առկա սողանցքներն են, եւ գործարարները մեղավոր չեն, որ իրենց մղում են դեպի ստվեր:

«Ժառանգությունից» Թեւան Պողոսյանն ասաց, որ իրենց կուսակցության նախընտրական ծրագրում կա առանձին գլուխ` կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված: Ըստ նրա հարցը արմատապես լուծելու համար անհրաժեշտ են երեք պայմաններ` համակարգային, կադրային բարեփոխումներ եւ հետեւողական պայքար: Նա մի օրինակ բերեց, թե ինչպես են օրինապահության երաշխավորների, օրենքի պահապանները հենց իրենք ստեղծում եւ պահպանում կոռուպցիայի հիմքերը. «Կոտայքի մարզում քննարկում էինք կազմակերպել, մի տիկին ասաց` եղբայրս էդքան գումար վճարեց, նշանակվեց միլպետ, վեց ամիս չանցած հանեցին»:  Այս օրինակով պարոն Պողոսյանը փաստում էր, որ չեն կարող կոռուպցիայի շնորհիվ պաշտոն ստացածները պայքարել դրա դեմ, հիշեց նաեւ իրավաբանական ֆակուլտետի մասին, որտեղից դուրս են գալիս եւ դեպի օրենքի պաշտպանության առաջին գիծ են մղվում կաշառատվության մեջ թրծված շրջանավարտները:

Պարոն Պողոսյանը քաղաքական կամքից կամ իր խոսքով` հետեւողական պայքարից օրինակ բերեց վրացական մոդելը, երբ քաղաքական որոշման արդյունքում մեկ օրվա մեջ բոլոր ոստիկաններին աշխատանքից ազատեցին եւ նորերին նշանակեցին: Եվ քանի որ այնտեղ հին, կաշառակեր ոստիկաններն ու մյուս պաշտոնյաներն արդեն ունեին իրենց մանր ու միջին բիզնեսը` սոցիալական շոկ չեղավ, ի տարբերություն Ուկրաինայի, որտեղ, ըստ Թեւան Պողոսյանի, բոլորին կրկին մեկ օրվա մեջ ազատեցին աշխատանքից, սակայն կանգնեցին կոլապսի առաջ, քանի որ 420 հազար մարդ, որ ապրում էին փոքրիկ կոռուպցիոն եկամուտների շնորհիվ, ուղղակի աղքատության եզրից անդին հայտնվեց, եւ ստիպված եղան կրկին նույն մարդկանց ետ վերցնել աշխատանքի:

Պարոն Պողոսյանը նաեւ նկատեց, որ որքան մեծ կապվածություն ունեն քաղաքական ուժերը իշխանական լծակների եւ ռեսուրսների հետ, այնքան դժվար կլինի պայքարել կոռուպցիայի դեմ: «Օրինակ, «Ժառանգությունը», որը չունի նման որեւէ լծակ, շատ ավելի հեշտությամբ կարող է արմատախիլ անել այդ երեւույթները»,-ասաց պարոն Պողոսյանը եւ բացառապես այլ քաղաքական ուժերից եւ չորս-հինգ լրագրողից կազմված լսարանին կոչ արեց ընտրել «Ժառանգությանը»:

ՀԱԿ-ը ներկայացնող Վահագն Խաչատրյանը հիշեց Անդրոպովի ժամանակները, եւ պնդեց, որ որքան էլ փորձ արվի կոռուպցիան արմատախիլ անել, եթե քաղաքական համակարգը չի փոխվում, արդյունք չի գրանցվի: «Ինչպե՞ս կարող է բարեփոխվել մի երկիր, որի ստվերային տնտեսությունը կառավարում է երկրի ղեկավարը»,-հարցադրում արեց ավազակապետության դեմ պայքարի ելած ՀԱԿ-ի ներկայացուցիչը: Նրա ելույթի հիմնական մեխը` մենաշնորհի դեմ պայքարն է, որն էլ հենց կոռուպցիայի հիմնական աղբյուրն է: Պարոն Խաչատրյանը կարծում է, որ որքան էլ ազատական, որքան էլ անձի սեփականության անձեռմխելիության ջատագով լինենք, մինչեւ չգա այն պահը, երբ միանգամից չափից դուրս հարստացած մարդուն հարցնենք, թե` որտեղի՞ց քեզ այդ փողերը, կոռուպցիայի դեմ պայքարը չի պսակվի հաջողությամբ: «Այսօր մենք պայքարում ենք, բայց շատ լավ հասկանում ենք, որ հավասար դաշտում չենք` զուտ ֆինանսական առումով: Իրականում Հայաստանում այդ առումով նրանք (իշխանությունները-հեղ.) բոլոր սահմաններն անցել են, եւ հիմա ֆիկտիվ պայքար է»:

ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանն արձանագրեց, որ ցանկալի կլիներ ՀՀԿ-ՕԵԿ երկյակից ներկայացուցիչ լիներ կլոր սեղանին, քանի որ առանց իշխանության համար պատասխանատվության ստանձնած այդ ուժերի բանավեճ որպես այդպիսին չի ստացվում` «այդպես էլ բանավեճ չեղավ այս ընտարաշավին»:

Պարոն Մինասյանը հիշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի գծով միջազգային կազմակերպությանը` ԳՐԵԿՕ-ին ՀՀ անդամակցությունը լուծվեց հե՛նց ՀՅԴ շնորհիվ: «Կարեւորագույն հարցը` կոռուպցիայի դեմ պայքարում, արժանապատիվ վարձատրության համակարգն է: Կոռուպցիան տեղի է ունենում հանրային ծառայությունների ոլորտում, եթե չլինի արժանապատիվ վարձատրություն, մոռացեք, որ նորմալ հանրային ծառայություն կստանաք»: Ապա նշեց հակակշռող մեխանիզմների կարեւորությունը.«Ընդդիմության կողմից վերահսկողություն մտցնելու մասին օրենք է անհրաժեշտ: Վերահսկիչ պալատում, Քաղծառայության խորհրդում, Տնտեսական մրցակցության հանձնաժողովում եւ մյուս` վերահսկիչ ֆունկցիաներ ունեցող հանձնաժողովներում ընդդիմությունը պետք է ծանրակշիռ ներկայություն ունենա»: Պարոն Մինասյանը նաեւ շեշտեց, որ ՀՅԴ նախընտրական ծրագրի 146 կետերից քսանը հենց կոռուպցիայի դեմ պայքարին են վերաբերվում:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031