Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն այսօր «Գոլդեն Թուլիփ Երեւան» հյուրանոցում կայացած միջոցառման ժամանակ հայտարարել էր, թե մեր երկրում կրթական համակարգը շարունակվում է օգտագործվել իշխանության թեկնածու անձանց եւ կուսակցությունների համար որպես կարեւոր գործիք: Նրա խոսքով, դպրոցների, բուհերի կոլեկտիվները, ուսանողները եւ դպրոցականները վերադասների հրահանգով տարվում են թեկնածուների հետ հանդիպումներին: Լեւոն Բարսեղյանի տվյալներով, ՀՀ խոշոր քաղաքների պետական դպրոցների եւ վարժարանների տնօրենների 70%-ը ՀՀԿ անդամ է:
Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով Բարսեղյանի ասածը՝ ՀՀ կրթության եւ գիտության ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանը ասաց. «Իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող հ/կ-ներն ու անհատները մինչեւ գնահատական տալը, կարծում եմ՝ պետք է հստակ իրավական պատկերացումներ ունենան այլոց քաղաքական իրավունքների եւ ազատությունների մասին: ՀՀ օրենսդրությունը չի արգելում դպրոցի տնօրեններին, մանկավարժներին, բուհերի ռեկտորներին, դասախոսներին եւ ուսանողներին՝ լինել կուսակցական: ՀՀ օրենսդրությունը, սակայն, արգելում, է աշխատանքի ժամին կուսակցական գործունեությունը եւ ուսումնական պրոցեսի ընթացքում համապատասխան քարոզչությունը»:
Արմեն Աշոտյանի ձեւակերպմամբ, տեխնիկայի զարգացման այս դարում տարօրինակ է, որ կրթական հաստատություններում հարկադրանքի, քարոզչության հետ կապված մեղադրանքները չեն հաստատվում տեսագրությամբ եւ ձայնագրությամբ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ