Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մասիսում կոալիցիա՝ ընդդեմ ՀՀԿ-ի

Մայիս 04,2012 17:01

Հիվանդանոց տանող փողոցներից մեկը մնում է քարուքանդ:

«Առավոտն» անդրադարձել է թիվ 16 ընտրատարածքի նախընտրական տրամադրություններին եւ առկա մթնոլորտին, ինչպես նաեւ լսել է քաղաքական տարբեր ուժերի տարածքային կառույցների ղեկավարներին: Հիշեցնենք, որ այստեղ մեծամասնական կարգով առաջադրվել են երեք թեկնածուներ` ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանը, Գեւորգ Գեւորգյանը` ՀԱԿ-ից, եւ ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանը: Լուրջ ընտրապայքար է գնում ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական թեկնածուների միջեւ: «Մասիսը մարզպետի դուքանը չէ» հրապարակմամբ, ՀԱԿ-ի թեկնածու եւ կառույցի ղեկավար Գեւորգ Գեւրգյանը իր դժգոհությունն էր արտահայտում Արարատի մարզպետ, ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Էդիկ Բարսեղյանի գործունեությունից: «Նախընտրական պայքար ասֆալտ շիբինով» հրապարակմամբ ներկայացվում էր «Ժառանգություն» կուսակցության Մասիսի կառույցի ղեկավար Նուբար Հակոբյանի դժգոհությունը տարածաշրջանում ստեղծված վախի մթնոլորտից, որով նույնպես քննադատական սլաքը հիմնականում ուղղվում էր ՀՀԿ-ին:

«Առավոտը» զրուցեց նաեւ թիվ 16 ընտրատարածքի ՀՅԴ նախընտրական քարոզարշավի համակարգող Հմայակ Սահակյանի հետ, որը ընտրատարածքում առկա մթնոլորտի մասին ասաց.« Որ ասեմ շատ շիկացած է, այդպես չի: Ուղղակի պայքար կա, որը մեր հետ չի: Դա այնպես չի, որ մենք այնքան թույլ ենք, որ մեր հետ չեն ուզում պայքարել, ուղղակի դուք էլ գիտեք, որ ՀՅԴ-ն ունի իր կայուն ընտրազանգվածը: Իսկ վախի մթնոլորտը ողջ հանրապետությունում կա: Իսկ այստեղ, նման բան ես չեմ տեսել, հարկային տեսչությունը բոլոր լծակներով ճնշում է բոլոր գործարարների վրա: Ի՞նչ է նշանակում դա, որ հարկային տեսչությունը մտել է քաղաքականության մեջ, ինչը չի թույլատրվում: Իսկ գործարարը, անգամ եթե լրիվ օրինական է աշխատում, մտնելով այդ կառույցը, զգաստ է ու վախեցած: Եթե ուշադիր նայեք, որոշ խանութների, կրպակների մոտով անցնելիս, կտեսնեք, որ փականով փակված է: Այսինքն, մարդիկ ուզում են հեռու մնալ այդ ամենից: Արտադրողներն աշխատում են այս ամսին բացակայել հանրապետությունից: Ի՞նչ է նշանակում դա: Մեզ մտահոգում է նաեւ մի բան, այդ սպիտակ դրոշակներով ամենուր եւ ամեն տեղ շրջելը սանձարձակության դրսեւորում է, որով ուզում են մարդկանց սարսափի մեջ պահել/խոսքը ՀՀԿ-ի դրոշի մասին է-Ն.Վ./: Դա նշանակում է, որ բոլոր տաքսի սերվիսները, բոլոր աշխատող հիմնարկները իրենց ձեռքին է: Այս մթնոլորտում հայրենիք պահելը դժվար է»:

«Առավոտը» հարց ուղղեց ՀՅԴ-ականին. «Ձեր քննադատական սլաքը դուք ակնհայտորեն ուղղում եք ՀՀԿ-ի դեմ: Իսկ իշխանական մյուս կուսակցության` ԲՀԿ-ի կողմից չե՞ն նկատվում ֆինանսական կամ վարչական լծակների օգտագործում»: ՀՅԴ-ականը պատասխանեց. «Ես չեմ ուզում շեշտել այս կամ այն կուսակցությանը: Մյուս կողմից` ես չգիտեմ, ԲՀԿ-ն ունի՞ լծակներ, թե՞ ոչ, մենք տեղյակ չենք, ինչ տեսնում ենք այն ենք ասում»: Զարմանալի է, որ ՀՅԴ-ական մասիսցի Սահակյանը չգիտեր, ԲՀԿ-ն ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ Մասիսում տիրապետում է ֆինանսական մեծ ռեսուրսների, բնակչությանը բաժանում է պարարտանյութ, Մասիսի քաղաքապետը , ինչպես նաեւ որոշ կառույցների ղեկավարներ՝ ԲՀԿ-ական են եւ պակաս չեն օգտագործում իրենց լծակները կուսակցության եւ նրա թեկնածու Տիգրան Ստեփանյանի օգտին անհրաժեշտ քվեներ ապահովելու համար:

Մի բան ակնհայտ է, որ Մասիսի տարածաշրջանում քաղաքական տարբեր ուժեր` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ ԲՀԿ-ն «մարզային» նոր կոալիցիա են կազմել եւ դուրս եկել ՀՀԿ-ի ու նրա թեկնածուի դեմ, իրենց քննադատական սլաքն ուղղել միայն նրան` անտեսելով իրենց շուրջը կատարվող մյուս` ոչ այնքան օրինական երեւույթները:

ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական թեկնածուները, որոնց շուրջն են ծավալվում ընտրատարածքի քաղաքական խմորումները, չցանկացան պատասխանել «Առավոտի» հարցերին:

 

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031