Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «Մի կարեւորեք Սերժ Սարգսյանի այցը»

Մայիս 04,2012 16:44

Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանն այսօր շնորհավորեց բնապահպան երիտասարդներին, որոնք, նրա խոսքով ասած՝ 80 օր շարունակ համառորեն կանգնեցին իրենց դիրքերում եւ հակառակորդին պարտադրեցին նահանջել. «Կատարվածը սոսկ բնապահպանների հաղթանակ չէր, սա նաեւ հանրության շահերի պայքար էր: Ինչքան երկարում էր պայքարը, այնքան իմաստավորվում էր գործընթացը: Պետք է կարեւորել միայն այն, որ իրականացավ իրենց առջեւ դրված խնդիրը, այսինքն՝ Մաշտոցի պուրակը մաքրվեց հայտնի տաղավարներից, դրանով իսկ սկիզբ դնելով մեր երկիրը կեղեքող օլիգարխիկ համակարգի ապամոնտաժմանը»:

Aravot.am-ի հարցին՝ ասում եք, պետք չէ կարեւորել նախագահի այցը Մաշտոցի պուրակ, այսինքն համոզված եք, որ առանց դրա էլ բնապահպանները կհաղթեի՞ն, Սեֆիլյանը պատասխանեց. «Հաղթանակի փաստը տաղավարների մաքրումն է, իսկ թե ով է գնացել-եկել, դա նշանակություն չունի: Մի կարեւորեք Սերժ Սարգսյանի այցը»:

Մեր դիտարկմանն էլ, թե տարածված կարծիքի համաձայն՝ նախագահն իր այդ քայլով փորձեց PR ապահովել իր համար, սակայն դա իր դեմ աշխատեց, քանի որ քարոզարշավի ավարտին էր, Սեֆիլյանը ասաց. «Այս ռեժիմի պարագլուխների կողմից որեւէ PR -ի փորձ անելն անիմաստ է, որովհետեւ ժողովուրդն արդեն իր հստակ ձեւավորած կարծիքն ունի, այսինքն՝ ովքեր կարծում են կաշառք բաժանելով, համերգներ կազմակերպելով ինչ- որ բանի կհասնեն՝ անիմաստ է, այդ ամենը իմաստ կունենար միայն այն դեպքում, եթե մեր երկրում գոյություն ունենար դասական քաղաքական գործընթաց: Ժողովրդի մեծամասնության կարծիքը այս համակարգի նկատմամբ հետեւյալն է՝ այս վերնախավը ոճրագոծ, հակահայ վերնախավ է: PR խաղեր տալը կազդի միայն աշխարհաքաղաքական կենտրոնների աչքը շոյելու, այլ ոչ թե մեր ժողովրդին խաբելու համար»:

Սեֆիլյանի ձեւակերպմամբ՝ այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 1-ին Մաշտոցի պուրակում , նման բան տեղի չէր ունեցել վերջին 18 տարում, այսինքն՝ 94 թվականի զինադադարից հետո. «Վերջին 18 տարում ոչ մի անգամ տեղի չէր ունեցել հասարակության հաղթանակը՝ իշխող դասակարգին»:

Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա վերջինս, ըստ Սեֆիլյանի, անկասկած կեղծվելու է: Նրա փոխանցմամբ՝ մենք չենք ապրում սովորական նախընտրական օրեր, եւ կուսակցությունները, եւ քաղաքական գործընթացները ու նույնիսկ մեդիան վերահսկելի են իշխող համակարգի կողմից: «Պետք է արհամարհել այս ընտրությունները, քանի որ այն արդեն բեմականացված է. գոյություն ունի մեկ բեմադրիչ, որի անունն է Սերժ Սարգսյան ու այդ մարդու խաղի կանոններով խաղալ եւ լավ արդյունք սպասել՝ անիմաստ է: Պետք չէ անիմաստ ժամանակ կորցնել, հարկավոր է օր առաջ այլընտրանքային ելքեր փնտրել»:

Արտավազդ Վարդանյանի՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց իրականացվող հացադուլի մասին էլ Սեֆիլյանը հետեւյալ կարծիքի է. «Նրա լոզունգը, որ նշել է՝ առանց մարտի 1-ի սպանդի բացահայտման մայիսի 6-ի ընտրությունների ելքը կանխորոշված է, եւ այն, որ կանխորոշված ելքով ընտրությունները չեն կարող լինել այս համակարգից ազատվելու ճանապարհ՝ շատ ճշմարիտ է ու այլ հիմնավորումներ բերելն ու ապացուցելը անիմաստ է: Ակնհայտ է, որ ամեն ինչ կեղծ է ու հիշեցնում է բեմականացման»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031