«Ժառանգության» նախընտրական շտաբը միանում է ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան», Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական, Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների հայտարարությանը, որտեղ մասնավորապես ասվում է. «Կարեւորելով 2012թ. Աժ ընտրությունների անցկացման որակն ու պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը եւ հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ, 48-րդ եւ 67-րդ հոդվածների դրույթները, որոշեցինք դրսեւորել միասնական կամք, միավորել մեր հնարավորությունները, եւ համատեղ ջանքերով ՀՀ հնարավորինս մեծաքանակ ընտրական տեղամասերում իրականացնել քվեարկության գործընթացի եւ արդյունքների ամփոփման տեսանկարահանում’ չխախտելով քվեարկության գաղտնիությունը»:
Մենք կարեւորում ենք քվեարկության ընթացքի եւ դրանց արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանումը, որը կօգնի ընտրախախտումների արձանագրման հարցում: «Ժառանգություն» կուսակցությունը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ժամանակ էլ բարձրացրել է ընտրական տեղամասերում պարտադիր տեսանկարահանում իրականացնելու դրույթը օրենքով ամրագրելու վերաբերյալ հարցապնդումը, ինչը մերժվել է իշխող կոալիցիայի կողմից, եւ այս նախաձեռնությունը համահունչ է տարիներ շարունակ հետեւողականորեն ներկայացրած մեր դիրորոշմանը:
Մենք եւս երաշխավորում ենք, որ մեր վստահված անձանց կատարած տեսանկարահանումները ըստ պահանջի կտրվեն մյուս մասնակից կուսակցություններին:
«Ժառանգության» նախընտրական շտաբ