Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի և Ուրուգվայի արտգործնախարարների հանդիպումը

Մայիս 04,2012 16:38

Մայիսի 4-ին կայացավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցելությամբ Երեւան ժամանած Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոյի հանդիպումը:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Հայաստանը և Ուրուգվայը գտնվում են հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա, բայց Ուրուգվայը Հայաստանի և հայ ժողովրդի համար շատ մոտ և բարեկամական երկիր է: Ուրուգվայը առաջին երկիրն էր, որը դեռ 1965թ. ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը և պատահական չէ, որ իր պաշտոնական այցելությունը Հայաստան սկսեցիք հենց Ցեղասպանության հուշահամալիր այցելությամբ: Մենք շատ շնորհակալ ենք Ուրուգվայի ժողովրդին, Ուրուգվայի ղեկավարությանը, որ բացել են իրենց դռները, ընդունել են ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին, և հազարավոր հայեր են ապրում Ուրուգվայում, որոնց համար այդ երկիրը երկրորդ հայրենիք է դարձել: Մեզ կապում են բավական սերտ եւ ջերմ հարաբերություններ»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Լուիս Ալմագրոն ընդգծեց, որ Ուրուգվայում ամենաջերմ զգացմունքներն են տածում հայ ժողովրդի եւ Հայաստանի հանդեպ, ինչի վկայությունն է բազմահազարանոց հայկական համայնքի դերակատարությունը իր երկրի կյանքում, եւ ամուր միջպետական հարաբերությունները Հայաստանի հետ:

Հանդիպմանը հանգամանալից քննարկում տեղի ունեցավ երկկողմ հարաբերությունները առավել զարգացնելու ուղիների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:

Նախարարները պայմանավորվեցին հավելյալ ջանքեր գործադրել քաղաքական երկխոսությունը, միջազգային կազմակերպություններում համագործակցությունը ամրապնդելու, առեւտրատնտեսական հարաբերությունները խթանելու, իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու նպատակով:

Էդվարդ Նալբանդյանի ու Լուիս Ալմագրոյի բանակցությունների օրակարգում էր արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Այս առումով երկուստեք շեշտվեց, որ միջնորդների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Նախարարի հանդիպմանը հետևեց համատեղ մամուլի ասուլիս:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031