Այսօր Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն իր քարոզարշավն ամփոփեց Գյումրու «Հոկտեմբեր» կինոդահլիճում: Նրանց ունկնդրելու էին եկել ինչպես սակավաթիվ կոմունիստները, այնպես էլ Գյումրու քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ` բնականաբար ընդառաջելով Գյումրու կոմունիստ փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանին: Կոմունիստների պատվին անգամ դպրոցներից աշակերտներ էին բերել` նրանց պարբերաբար նկատողություն տալով անկիրթ չգտնվել ու չհեռանալ դահլիճից:
Անվերջ ելույթ ունեցավ ՀԿԿ առաջնորդ Ռուբեն Թովմասյանը: Նա խոսեց տարբեր խնդիրներից, աղքատությունից, մուրացկանությունից, արտագաղթից, հայ կանանց մարմնավաճառությունից, Ղարաբաղյան խնդրից:
ՀՀԿ առաջնորդը չանտեսեց նաև Գորբաչովին, որի մասին հիշելիս ակամա ջղաձգվեց` ասելով. «Գորբաչովը, որին մենք համարում ենք նոմեռ մեկ դավաճանը` ՍՍՀՄ-ը փլուզելու մեջ, ուզում ենք ձեզ տեղյակ պահել, որ ես հինգ ամիս առաջ մի հայտարարությամբ եմ հանդես եկել` նրան դատի տալու: Այսօր Ռուսաստանի բարձր կարգի իրավաբանները միավորվել են և ստեղծել են մի միություն` ապահովելու բոլոր հիմքերը` Գորբաչովին դատի տալու համար»: ՀՀԿ առաջնորդը Գորբաչովին հիշեց այն պատճառով, որ ցույց տա, թե նույնիսկ այդ դավաճան մարդն էր ուզում, որ երկու տարի հետո աղետի գոտի չլինի, սակայն անցել է 22 տարի ու ոչինչ չեն արել:
ՀՀԿ առաջնորդն այնուհետեւ ասաց. «Այս ամենը ես ձեզ ներկայացրեցի նրա համար, որ ասեմ, որ սոցիալիստական գաղափարներն անմահ են, երբեք ու երբեք չմտածեք, որ սոցիալիստական գաղափարը կարող է նահանջել: Այ անցել է 22 տարի, կրկնում են նույն դեմքերը, նույն մարդիկ` վերցրած մեր ծրագրերից, այնպիսի կոկորդները պայթելով խոստումներ են տալիս, որ լսում ես, ինչ որ արվել է Գյումրիում, արվել է Հանրապետական կուսակցության կողմից, մնացածը եղել են ինչ-որ մարդիկ, որոնք որ ուզում են ինչ-որ բանից օգտվել»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ